00:00:00

Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ

11:22, 03 մայիս 2023 Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ տվյալներ 2022 թվականի տարեկան հաղորդման մեջ չի ներառել:

 

Նրա գնահատմամբ՝ բովանդակային առումով Ազգային ժողովին ու հասարակությանը դեռ ասելիք չունեն:

 

«Որոշակի քննչական գործողություններ երկու վարույթներով էլ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից ու այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է ինձ, քանի որ վարույթներով կան ժամկետներ, ըստ ժամկետների հրատապության՝ այդ դրվագները քննարկվում են», - Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազը:

 

Նա գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը:

 

«Այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն ուղղակի անիրատեսական է», - ընդգծեց Վարդապետյանը:

 

Նա կարծում է, որ 2023 թվականի հաղորդման մեջ 800 հատորի առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն:

 

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործին՝ դատախազն ասաց, թե ինքը դեռ չի հասցրել անդրադառնալ դրան: «Այս 2 գործերից Մարտի 1-ն ինձ համար ամենաառաջնայինն էր», - նշեց նա:

 

Հոկտեմբերի 27-ին տարվա երկրորդ կեսին կանդրադառնան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր