00:00:00

Լրատվական բաց աղբյուրներում պետական դավաճանության մասին հնչեցված թվերը հակասական են․ հայտարարություն

16:06, 02 մայիս 2023 Հասարակություն

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

«2023թ. ապրիլի 18-ին ՀՀ ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում: Սա խորապես  մտահոգիչ արձանագրում է, որը պետք է իրավասու մարմինների ու հատկապես ԱԱԾ կողմից պատշաճ վերլուծության առարկա դառնա, երևույթի պատճառները վերհանվեն, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն:

Հարցի կարևորությունը հաշվի առնելով` մենք ևս  հարկ ենք համարում անդրադառնալ  նշված խնդրին:

Լրատվական բաց աղբյուրներում պետական դավաճանության վերաբերյալ հնչեցված թվերը հակասական են: Վարչապետն իր խոսքում հիշատակել է 53 անձի մասին,  «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում նշվել է   2022 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից զինված ուժերի զինծառայողների նկատմամբ նախաձեռնված  պետական դավաճանության 17 գործի մասին, իսկ ՀՀ ԱԱԾ-ն արձանագրում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պետական դավաճանության համար  մեղադրանք է առաջադրվել 63 անձի:

Հատկանշական է, որ ԱԱԾ պաշտոնական կայքում զետեղված տվյալներից հնարավոր չէ ի մի բերել ու հասկանալ, թե նշված ժամանակահատվածում  քանի անձ է մեղադրվել, նրանցից քանիսի նկատմամբ է վարույթը կարճվել, քանիսի նկատմամբ է քրեական հետապնդումը շարունակվում, քանիսի վերաբերյալ են գործերը դատարան ուղարկվել, դատավճիռ կայացվել: Եվ, ամենակարևորը, որևէ պաշտոնական աղբյուրում չի ընդհանրացվում, նշվում, թե մեղադրվող անձինք կոնկրետ երբ, ինչ ժամանակահատվածում և ինչ դրդապատճառներով  են հավաքագրվել:

Մեր ուսումնասիրությունները, ստացված տվյալները վկայում են, որ պետական դավաճանության մեջ մեղադրված 63 անձի (ընդունենք 63 թիվը) զգալի մասը` մոտ 90 տոկոսը, հավաքագրվել է 44-օրյա պատերազմից, իսկ մնացած 10 տոկոսը` 2018 թվականի հեղափոխությունից հետո:

Ընդամենը հինգ տարվա ընթացքում 63 անձի հավաքագրումը պարզապես բացառիկ, նախադեպը չունեցող փաստ է և ցավոք որևէ երաշխիք չկա, որ բացահայտվել են բոլորը: Այսինքն` եթե բացահայտվում է 63 անձ, դա նշանակում է, որ հավաքագրումն ընդգրկել է  անհամեմատ մեծ թվով մարդկանց:

Սա խոսում է այն մասին, որ երկրում առկա են առանցքային հիմնախնդիրներ, որոնք էլ պարարտ հող են ստեղծում, տասնյակ մարդկանց դրդում գնալ դավաճանության, հայրենիքն ուրանալուն:

Մեր գնահատմամբ պետական դավաճանության առանցքային պատճառները հետևյալն են`

1. իշխանությունների ցածր վարկը, նրա նկատմամբ անվստահությունը, պետության աննախադեպ թուլացումը, ապագայի  հետ հույս չկապելը,

2. բնակչության ցածր կենսամակարդակը, խոցելիությունը, ֆինանսական շահագրգռվածությունը, նյութական խրախուսումը,

3. պետությունում ու հասարակությունում հաստատված դիսբալանսը` բաժանումն օտարների ու յուրայինների (սևերի ու սպիտակների), միմյանց նկատմամբ խորը, անզիջում թշնամանքը,

4. ուժային կառույցներում առկա անարդարությունների նկատմամբ ունեցած ատելությունն ու վրեժխնդրությունը,

5. ուժեղ պետությանը, պատերազմում հաղթածին ծառայելու ձգտումը` այդ համագործակցությունից  հետագայում ենթադրվող շահի ակնկալիքով,

6. զինվորական ստորաբաժանումներում պրոֆիլակտիկ, կանխարգելիչ միջոցառումների ոչ պատշաճ իրականացումը,

7. հասարակության մեջ հայրենասիրական, ազգային գաղափարներ չքարոզելը, անձանց հերոսությունները, զոհողությունները պատշաճ չգնահատելը, գերության մեջ հայտնվածներին անտեսելը, մոռացության մատնելը և ընդհակառակը, գլոբալիստական, նյութապաշտության ոգով մարդկանց դաստիարակելը,

8. հակառակորդի լարած թակարդներում քաղաքացիների միամտաբար հայտնվելը, որի կանխարգելման ուղղությամբ ևս բավարար աշխատանքներ չեն իրականացվում իրավասու պետական մարմինների կողմից:

Այս պատճառները, բացթողումները տեսնելու, վերացնելու փոխարեն իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած գործելաոճին, պետական դավաճանության դեպքերի այսչափ առկայության մեջ կրկին փորձում են մեղավոր համարել ԱԱԾ նախկին աշխատակիցներին:

Սա պարզունակ, անազնիվ մոտեցում է, քանի որ, կրկնում ենք, հավաքագրման դեպքերը գրեթե հարյուր տոկոսով տեղի են ունեցել ներկայիս իշխանության գործունեության տարիներին, և չկա բացահայտված որևէ դեպք, որը վկայեր, որ պետական դավաճանության գնացած անձը հավաքագրվել է 2018-ի հեղափոխությունից առաջ ու չի բացահայտվել, գտնվել ԱԱԾ տեսադաշտում, թեպետ նման բացառիկ դեպքեր կարող էին և լինել` լրտեսության, հայրենիքի դավաճանության դեպքերի բացահայտման հարյուր տոկոսանոց երաշխիք որևէ մեկը չի կարող տալ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր