Երեւանի Պռոշյան փողոցում քաղաքացիները մոմավառություն են անցկացրել եւ ծաղիկներ են դրել նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի հիշատակին:
Նշենք, որ վրաերթի ողբերգական դեպքից մեկ տարի է անցել: Այժմ գործը դատաքննության փուլում է, հարցաքննվում են գործով վկաները, սակայն տուժողի իրավահաջորդները եւ նրանց փաստաբանը դժգոհություններ ունեն գործի ընթացքից:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։