00:00:00

Ժամկետանց դեղորայք, հնամաշ հագուստ. ինչ խախտումներ են արձանագրել ՄԻՊ աշխատակիցները Արմաշի առողջության կենտրոնում

23:03, 22 ապրիլ 2023 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները ապրիլի 20-ին չհայտարարված այց են իրականացրել «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը:

 

Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

-Հարկ է ընդգծել, որ նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ կառուցվել և վերանորոգվել են սանհանգույցներ, բարելավվել է բժշկական փաստաթղթերի վարման պրակտիկան:

Միևնույն ժամանակ, այցի արդյունքում արձանագրվել են հետևյալ խնդիրները.

-հաստատությունը գերբնակեցված է, պահպանված չէ բուժառուների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, սենյակներում առկա են իրար կիպ կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ,

-հաստատությունն ունի վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են, անկողնային պարագաները հնամաշ են, առկա է կողապահարանների և պահարանների պակաս կամ բացակայություն,

-հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք,

-արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, օրինակ՝ հիվանդության պատմագրում չի հիմնավորվել զսպման միջոցի կիրառման անհրաժեշտությունը,

-բուժառուները հիմնականում կրել են հնամաշ հագուստ,

-արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. չանհատականացվող հագուստը լվացվելուց հետո բուժառուներին բաժանվել է պատահականության սկզբունքով,

-արձանագրվել են բուժառուների լոգանքի կազմակերպման հետ կապված խնդիրներ,

-առկա է բուժառուներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն,

-առկա է հաստատության բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն,

-առկա են բուժառուների հոգեբանական աջակցության տրամադրման հետ կապված խնդիրներ,

-հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են,

-հաստատության միակ տաքսաֆոնից հնարավոր չի եղել զանգահարել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ իրավասու պետական մարմինների թեժ գծի հեռախոսահամարներին և այլն:

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթն՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Կարևոր է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի, աշխատանքային և սոցիալական երաշխիքների ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այդ համատեքստում կարևոր է նաև, որպեսզի հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, շարունակաբար բարելավվեն:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր