Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունեցավ երրորդ մեդալակիրը:
Եվրոպայի գործող չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը (81) երկամարտի 337 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ փորձով կարողացավ բարձրացնել 150 կգ-անոց ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցմամբ չֆիքսեց 156 կգ-անոց ծանրաձողը: Պոկում վարժությունում չորրորդն էր հայ ծանրորդը:
Հարությունյանը հրում վարժությունում հաջող կատարեց առաջին և երկրորդ մոտեցումները՝ գլխավերևում պահելով 183 և 187 կգ-անոց ծանրաձողերը: Երրորդ մոտեցմամբ չկարողացավ հրել 190 կգ-անոց ծանրաձողը: Հրում վարժությունում Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Չեմպիոն դարձավ Իտալիայի ներկայացուցիչ Օսկար Ռեյես Մարտինեսը, որը երկամարտում գրանցեց 343 կգ արդյունք: