Ամերիկա-ադրբեջանական մշակութային ֆոնդի պատվիրակությունը, որը գործում է ԱՄՆ-ում՝ Նուրիտ Գրինգերի գլխավորությամբ, ուղևորվել է ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Արցախի տարածքներ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ պատվիրակության այցը կտևի մինչև ապրիլի 23-ը։
Հաղորդվում է, որ պատվիրակության անդամներն արդեն եղել են օկուպացված Ջրականում, տեսել են Խուդափերինի ջրվեժը ու պատրաստվում են այցելել նաև Շուշի։
Նման միջոցառումներ կազմակերպելով՝ Ադրբեջանը նախ և առաջ, փորձում է հայկական կողմի վրա բարդել սեփական հանցանքները, մասնավորապես՝ 44-օր շարունակ արգելված զինատեսակներով Արցախի բնակավայրերն ու բնությունը ոչնչացնելու մասին փաստերը։
Նկատենք, որ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը երբեւէ չի խրախուսել նրենց ներկայացուցիչների այցը Արցախ, ավելին՝ արգելել է։ Փոխարենը Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խրախուսում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ կատարվող այցելը՝ այդպիսով ի ցույց դնելով Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարվող հանցագործությունների խրախուսումը։
Փաստն այն է, որ Ադրբեջանը Թուրքիայի գլխավորությամբ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում թույլ է տվել մի շարք ռազմական հանցագործություններ, հրթիռակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները, դպրոցներ ու հիվանդանոցներ, կիրառել ֆոսֆորային զենք, խոշտանգելով սպանել ռազմագերիների, իսկ հիմա էլ ավել քան 4 ամիս շրջափակման մեջ է պահում Արցախը՝ ի հեճուկս ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման։