Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման տպավորիչ արարողությամբ պաշտոնապես տրվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ծանրամարտի Միջազգային և Եվրոպական ֆեդերացիաների նախագահները, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, հարյուրավոր երկրպագուներ:
Լուսային ու ձայնային շքեղ շոուի ընթացքում նախ ներկայացվեց Հայաստանի պատմությունը, մշակութային ժառանգությունը, ապա անդրադարձ կատարվեց ամենատարբեր մարզաևերում Հայաստանի պատիվը բարձր պահած լեգենդար մարզիկներին:
Այնուհետև յուրահատուկ կերպով անցկացվեց նաև դրոշների շքերթը. Մասնակից 40 երկրների դրոշները դուրս բերվեցին բեմահարթակ: Ի դեպ, դրոշների շքերթի ժամանակ գրանցվեց միջադեպ, երբ Ադրբեջանի դրոշի դուրս բերվելուց հետո երկրպագուներից մեկը բարձրացավ բեմահարթակ, վերցրեց դրոշն ու այն հեռացրեց հարթակից: Ավելի ուշ՝ անվտանգության աշխատակիցները Ադրբեջանի դրոշը վերադարձրին հարթակ:
Ողջույնի խոսքում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպաական ֆեդերացիային այս առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին վստահելու համար. «Երբ այս հոյակերտ համալիրը կառուցվում էր, նախատեսվում էր, որ այն կհյուրընկալի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, ցավոք դա չստացվեց: Սա շատ խորհրդանշական պահ է, քանի որ այս առաջնությունը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան հանրապետության հովանու և դրոշի ներքո»:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս ողջունեց հյուրերին և հավաստիացրեց, որ Հայաստանը ջանք չի խնայի Եվրոպայի առաջնությունն ամենաբարձր մակարդակում անցկացնելու համար:
Եվրոպայի առաջնության մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը: