Երեկ ուշ գիշեր Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել եւ փորձել մուտք գործել բնակիչներից մեկի տուն։ Բնակիչը կասկածել է եւ ահազանգել ոստիկանություն։ Նրանք եղել են զինվորականի հագուստով։
Hraparak.am-ը հայտնում է, որ ադրբեջանցիները փորձել են մուտք գործել Մաթեւոսյանների տուն, դուռը նրանց առջեւ բացել է տիկին Շուշիկը, որը մեզ հետ զրույցում չցանկացավ տհաճ միջադեպի մասին մանրամասնել հայտնել․ «Խնդրում եմ, թողեք հանգստանամ․․․ով չէր վախենա, այո, վախեցել եմ»։ Պատմեց, որ դուռը բացել է, իր անցանկալի հյուրերը ոչինչ չեն խոսել, սակայն նրանց արտաքինից հասկացել է, որ ադրբեջանցիներ են, աղմուկ է բարձրացրել, դիմել ոստիկանությանը․ «Ոչ մի բան չխոսացին, բայց ամեն ինչ պարզ էր։ Ընտանիքիս անդամները տանն էին, բայց ես բացեցի դուռը»։
Կինն ասաց, որ երեք հոգի են եղել։ Սիսիանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ավելի ուշ մեկ այլ բնակավայրում իրավապահները գտել են ադրբեջանցիներից մեկին եւ տարել ոստիկանության Սիսիանի բաժին, իսկ մյուս երկուսը փախուստի են դիմել։ Ոստիկանության Սիսիանի բաժնից մեզ փոխանցեցին, որ հաստատում են ադրբեջանցիների ներթափանցման փաստը, սակայն այլ մանրամասներ չհաղորդեցին։ Հարցին՝ ճի՞շտ է, որ երկուսը փախուստի են դիմել, ասացին․«Ով ասաց, որ երեքն են եղել, միգուցե վեցն են, ես ասացի՝ այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»։
Ըստ շրջանառվող լուրերի՝ ոստիկանությում հայտնված ադրբեջանցին պարզաբանել է, թե տարածքը շփոթել է։
Ամբողջական հոդվածը այստեղ