00:00:00

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի. այսօր Սուրբ Զատիկ է

10:06, 09 ապրիլ 2023 Հասարակություն

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին և հավատավոր հայությունը տոնում է Սուրբ Զատկի տոնը: Զատիկը՝ որպես քրիստոնյա աշխարհի ամենասիրված տոներից մեկը, խորհրդանշում է հավիտենական կյանքը և աշխարհի անվերջությունը:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից  և մահից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

Զատիկը  սկիզբ է առել հրեաների կողմից նշվող Պասեք տոնից, որի ժամանակ, ըստ քրիստոնեական դավանանքի, 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում, այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստված նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»։

Տոնի խորհրդանիշը

Տոնի խորհրդանիշը ներկած ձուն է: Ընդունված է ձվակոտրուկը: Մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում, և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր