Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ օրվա իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող իրավապահ համակարգի կողմից հարուցվեց շինծու քրեական գործ և մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի որոշմամբ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց:
Մ. Մակյանը բեկանեց դատավոր Տիգրան Դավթյանի՝ փետրվարի 21-ի որոշումը, որով մերժվել էր նախաքննական մարմնի՝ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը:
Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում։
Հայաստանի օրվա իշխանությունները հրապարակային խոստովանում են, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը շատ բարձր է, միաժամանակ հայտարարելով, որ իրենք չեն կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, և նման պայմաններում նրանք շարունակում են ուղղակիորեն թիրախավորել զինվորականներին։
Թիրախավորված զինվորականներից մեկն էլ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն է, որին իշխանությունները չեն կարող ներել ադրբեջանցիներին բազմաթիվ դրվագներում պարտության մատնելը, անբասիր ծառայությունը և անմնացորդ հայրենիքին նվիրվելու ձգտումը:
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը օրվա իշխանությունների թիրախում հայտնվել է նաև իր հստակ ու անփոփոխ դիրքորոշման պատճառով՝ երբ մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ միասին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Տավուշի մարզում Գրիգորի Խաչատուրովի բարձր հեղինակությունը գործնականում կարող է խոչընդոտ հանդիսանալ մարզի որոշ բնակավայրերի՝ այսպես կոչված անկլավների Ադրբեջանին վերադարձնելու Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը կյանքի կոչելու գործում։
Ադրբեջանի դեմ ազատագրական պայքարի ցանկացած մասնակից, որը Ադրբեջանի օրենքներով ահաբեկիչ է համարվում և ուրեմն պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, այսօր հետապնդվում է նաև ՀՀ օրվա իշխանությունների կողմից։ Ուստի Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը զգոնության ազդակ է Ազատամարտի, 44-օրյա պատերազմի բոլոր մասնակիցների, ՀՀ ԶՈՒ ցանկացած զինծառայողի համար։
Գրիգորի Խաչատուրով քաղաքացու, զինվորականի, հայրենասերի իրավունքների պաշտպանությունը Հայաստանի յուրաքանչյուր պատասխանատու և արդարամիտ քաղաքացու պարտքն է։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ պահանջել իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։
Միացել են նաեւ․
1. «Ազատություն» կուսակցություն
2. «Ազգային անվտանգություն» կուսակցություն
3. «Երկիր ծիրանի» կուսակցություն
4. «Ձայն հայրենյաց» հասարակական նախաձեռնություն
5. «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնություն
6. «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժում
7. Ազգային Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնություն
8. «Նախիջևանի հայրենակիցների միություն»
9. «Պահեստազորի սպաներ» շարժում
10. «Որդիների կանչ» սոցիալ հայրենասիրական ՀԿ
11. «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ
12. «Վերադարձ» հիմնադրամ
13. «Պատրիոտ դաշինք» ռազմահայրենասիրական ՀԿ
14. Հայոց ազգային գվարդիա
15. Քարավան-88 ՀԿ
16. «Ներուժ» ՀԿ
17. Հայրենասփյուռ ՀԿ
18. «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՀԿ
19. Հայկական նախագիծ / Armenian Project գիտակրթական ՀԿ