00:00:00

«Գոյ» թատրոնը ունենալու է ստեղծագործական ազատություն. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն

17:38, 24 մարտ 2023 Հասարակություն

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը վստահեցնում է՝ վերջին շրջանում Մայր թատրոնի ադմինիստրատիվ հատվածը շատ է հզորացել, օր օրի ուժեղանում է և կարող է լրացուցիչ պատասխանատվություն ստանձնել:

 

Այս մասին Մկրտչյանն ասաց մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած նախագծին, ըստ որի՝ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:

 Նախարարությունը վստահեցնում է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները, իսկ «Գոյ»-ի անձնակազմը դեմ է նախագծին՝ համարելով, որ նման կերպ միտում կա դադարեցնել թատրոնի գործունեությունը։

Վարդան Մկրտչյանը հիշեցրեց, որ ինքը պետական թատրոնի ղեկավար է և չի առնչվում մշակութային քաղաքականության հետ, որովհետև ո՛չ լծակ ունի, ո՛չ արտոնություն, ո՛չ առաքելություն: «Առնչվում եմ այնքանով, որքանով ղեկավարում եմ Սունդուկյանի անվան թատրոնը, հետևաբար որևէ թատրոն բացելու, փակելու, միավորելու և այլնի հետ ո՛չ ես, ո՛չ Սունդուկյանի անվան թատրոնը որևէ առնչություն չունենք»,-շեշտեց նա:

Մկրտչյանի խոսքով՝ օրեր առաջ եղել է հարցադրում, թե «Գոյ»-ի՝ Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու պարագայում ինքը կարո՞ղ է ստանձնել կառավարման հատվածը, և նա պատասխանել է, որ այո՛, կարող է:

«Ես թատրոնի կառավարման բավականին մեծ փորձ ունեմ և կարող եմ ստանձնել որևէ պատասխանատվություն լրացուցիչ կամ պակաս, քանի որ պետական թատրոնի ղեկավար եմ և այդ գիտակցությամբ եմ հարցին մոտենում: Վերջին շրջանում Սունդուկյանի անվան թատրոնի ադմինիստրատիվ հատվածը շատ է հզորացել, օր օրի ուժեղանում է և կարող է լրացուցիչ պատասխանատվություն ստանձնել»,-հավաստիացրեց նա:

 Վարդան Մկրտչյանի խոսքով՝ նախագծի իրագործման պարագայում «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմից որևէ մեկի հաստիքը չի կրճատվելու, և նրանք հնարավորություն են ունենալու ստեղծագործական կյանքը շարունակելու, պարզապես կառավարումը, մենեջմենթը ստանձնելու է Սունդուկյանի անվան թատրոնը: «Նրանք ունենալու են ստեղծագործական ազատություն»,-եզրափակեց Վարդան Մկրտչյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր