Առատ տեղումների բացակայության պատճառով կարող է առաջանալ խմելու ջրի խնդիր։
Ճանապարհը արգելափակելուց հետո ադրբեջանցիների կողմից փորձ արվեց խմելու ջրի հետ կապված խնդիրներ առաջացնել համայնքերի համար, քանի որ կան համայնքներ, որոնց խմելու ջուր է հասնում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքից և ադրբեջանցիները մի քանի անգամ փորձ են արել ուղղակի դադարեցնել մատակարարումը այդ համայնքներ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Բացահայտ փաստ է, որ էներգամատակարարումը խափանվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, մենք, իհարկե, որևէ հասանելիություն չունենք այդ հատվածում, և Ադրբեջանը բավարար տեղեկություն չի տրամադրում խափանման պատճառների, արհեստածին կամ բնական լինելու մասին, թեև մեզ համար ձեռագիրը պարզ է, քանի որ նույնը տեղի է ունենում գազամատակարարման հետ: Շրջափակման ընթացքում էլեկտրաէներգիայի միակ աղբյուրը մեր տեղական արտադրանքն է՝ հիմնված Սարսանգի ջրամբարի հնարավորությունների վրա և այն ամբողջությամբ չսպառելու համար Արցախում էլեկտրականությունը մատակարարվում է հովհարային անջատումներով: Ասեմ, որ իրավիճակն արդեն կրիտիկական է և առաջիկայում առատ տեղումների բացակայության դեպքում մենք կունենանք ավելի երկար ընդհատումներ, որը մեծ խնդիրներ է առաջ բերելու»,-շեշտեց նա։
Պետնախարարը նշեց, որ այս ամենը Ադրբեջանը ծրագրել է, որպեսզի տնտեսության բոլոր ճյուղերը հերթականությամբ կաթվածահար անի։
«Վերջնական նպատակը արցախցիների համար կյանքն անտանելի դարձնելն է։ Սա է ամբողջ պատկերը»,-ասաց Ներսիսյանը։