ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ողջույնի խոսքով հանդես է եկել «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը:
Ողջունելով մասնակիցներին` Հակոբ Արշակյանը խոսել է ՏՏ ոլորտի վերջին զարգացումներից: Նրա խոսքով 2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն։ Բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը:
Անդրադառնալով «Էնթերփրայզ Արմենիայի» գործունեությանը` ԱԺ փոխնախագահը կարեւորել է կառույցի օժանդակությունը մեր երկրում ներդրումների աջակցման եւ նման ընկերությունների ներգրավման հարցերում: «Մենք ողջունում ենք միջազգային ընկերությունների մուտքը Հայաստան, ինչը նպաստում է հայկական նմանատիպ ընկերությունների ստեղծմանը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Բանախոսն անդրադարձել է գիտությանն ուղղված ֆինանսավորման աճին` նշելով, որ այն կազմում է 30 մլրդ դրամից ավելի: «Սա նշանակում է, որ գիտությամբ զբաղվող, ստեղծարար մարդն առաջնահերթ տեղ ունի Հայաստանի զարգացման համար,- նշել է Հակոբ Արշակյանը:
Փոփոխվող եւ զարգացող աշխարհաքաղաքական միջավայրում մարտահրավերները հաղթահարելու համար ԱԺ փոխնախագահը հորդորել է մեկտեղել ուժերը` պատրաստելու բարձրակարգ մասնագետներ: