Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ինթերնեյշնլ եվրոպական ծրագրային գրասենյակների տարածաշրջանային տնօրեն Աջայ Բարային և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) hայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ-ից։
Հանդիպմանը մասնակցել է նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Արամ Մեյմարյանը։
Ողջունելով գործընկերներին՝ նախարարն անդրադարձել է Շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) միջև առկա երկարամյա և արդյունավետ համագործակցությանը։
WWF Հայաստանի համար առաջնահերթություն է վտանգված տեսակների պահպանությունը, ինչպիսին է օրինակ կովկասյան ընձառյուծը: Մեկ այլ կարևոր առաջնահերթություն է պահպանվող տարածքների համակարգի զարգացումն ու հզորացումը:
WWF-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Անձնակազմի համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ, նյութատեխնիկապես զինում՝ պահպանության, հետազոտության, մոնիթորինգի, իրազեկության բարձրացման և էկոտուրիզմի զարգացման նպատակով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ տեսակետներին։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրին», որը նախաձեռնվել է Շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կոմից 2013 թվականին։ Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
Նախարարի տեղակալը խոսել է բնություն բաց թողնված առանձնայկներից, որոնք վերջին շրջանում հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։
Քննարկվել է էկոլոգիական միջանցքների հարցը։ Հինգ տարիների ընթացքում աշխատանքներ են իրականացվել 3 մարզի՝ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի 30 գյուղական բնակավայրերում՝ կենտրոնացնելով տեղի բնակչության ուշադրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ։
Գործընկերներին է ներկայացվել բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող օրենսդրական բարեփոխումները, որոնք վերաբերում են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը համայնքների ներգրավմանը։
Հանդիպման ավարտին նախարարը կրկին անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության և վերականգնման ոլորտում հիմնադրամի հետ համագործակցությանը՝ դրանք որակելով արդյունավետ և կայացած։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել և խորացնել համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ։