Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր,
Որքան էլ ծանր ու դժվարին ժամանակներ ենք ապրում, այդուհանդերձ, չենք կարող չշնորհավորել Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Մարտի 8-ը ևս մեկ առիթ է վերաարժևորելու մեր ժողովրդի կյանքում հայ կնոջ անուրանալի դերակատարությունը, և արտահայտելու մեր խորին երախտագիտությունն այն վեհ, ազգապահպան առաքելության համար, որ ստանձնել եք Դուք և նվիրումով իրականացնում եք բոլոր ժամանակներում ու բոլոր իրավիճակներում:
Եվ այսօր, երբ մեր երկրի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, երբ տասնյակ հազարավոր արցախահայեր ապրում են շրջափակման պայմաններում, երբ ունենք բազմաթիվ որդեկորույս ծնողներ, իրենց ամուսնուն սպասող կանայք, հայրիկին կարոտող երեխաներ, այսօր, առավել քան երբևէ, բազմաթիվ հոգսեր ծանրացած են կանանց ուսերին, ովքեր համբերությամբ, տոկունությամբ ու հավատով իրականացնում են իրենց առաքելությունը՝ անսասան պահելով ընտանիքը, կրթելով ու դաստիարակելով ազգասեր ու հայրենասեր սերունդ, ում վստահելու ենք մեր երկրի վաղվա օրը:
Չնայած առկա դժվարություններին՝ Ձեր նվիրվածությամբ, հանուն հայրենիքի ու հանուն հաղթանակի պայքարելու պատրաստակամությամբ, ապագայի նկատմամբ ունեցած հավատով Դուք դարձել եք ոգեշնչող ուժ և խորհրդանիշ շատերի համար:
Սիրելի՛ կանայք,
Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ առողջություն, համբերություն ու տոկունություն եմ մաղթում բոլորիդ:
Առանձնակի շնորհավորում եմ Հայոց բանակում իրենց պարտքը կատարող զինվորների մայրերին:
Ջերմագին մաղթանքներս հերոսածին և հերոս մայրերին:
Թող սերը, խաղաղությունն ու բարօրությունն իշխեն Ձեր ընտանիքներում: