Այսօր կառավարությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Արաբկիր համայնքում գտնվող հանրակացարանը օտարելու մասին որոշում կայացրեց: Գույքի շուկայական արժեքն է 625 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ կառավարության այս տարվա մեկ այլ որոշմամբ որոշվել էր օտարել 107 միլիոն դրամ շուկայական արժեքով համալսարանի Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի շենքը: Մեկ այլ որոշմամբ էլ համալսարանի 850 միլիոն դրամ շուկայական արժեքով տարածք փոխանցվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Ստացվում է, որ 2 ամսվա ընթացքում համալսարանի տարածքներից օտարվել կամ այլ կառույցի է փոխանցվել 1 միլիարդ 582 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույք: Ագրարային համալսարանի ընդունելության անմխիթար վիճակի և ուսանողական համակազմի շեշտակի նվազման ֆոնին համալսարանի կազմաքանդման գործընթացը գուցե ընկալելի լիներ, եթե չլինեին համալսարանի ռեկտորի և պատասխանատուների ամենօրյա հայտարարություններն ու հաղորդագրությունները բուհը զարգացման աննախադեպ նոր բնագծերի ու հանգրվանների հասցնելու վերաբերյալ: Այս համատեքստում երևի շուտով Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կվերանվանվի Նյուվասյուկիի միջազգային ագրարային համալսարան: Ի դեպ, մեր տեղեկություններով համալսարանի օտարվող հաջորդ անշարժ գույքը Երևանի Բուռնազյան 143 հասցեում գտնվող Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի շենքն է: