Այս ամսվա սկզբին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի հետ կապված ավելի քան 600 մարդու հանդեպ հետաքննություններ են անցկացվում, շաբաթ օրը հայտնել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հայտնում է The Associated Press-ը:
Բոզդաղը նշել է, որ 612 կասկածյալներից 184-ը բանտարկվել են դատավարությունից առաջ: Ձերբակալվածների թվում կան շինարարական կապալառուներ եւ սեփականատերեր կամ շենքերի մենեջերներ, հայտարարել է նա Թուրքիայի հարավ-արեւելքում Դիարբեքիրի համակարգման կենտրոնից հեռուստատեսային մեկնաբանությունների ժամանակ:
«Շենքերում ապացույցների հայտնաբերումը շարունակում է հիմք հանդիսանալ քրեական հետաքննության համար»,- հավելել է Բոզդաղը:
Երկրաշարժերի հետեւանքները ստիպել են թուրքերին կասկածի տակ դնել 173 000 շենքերից շատերի կառուցվածքային ամբողջականությունը, որոնք փլուզվել են կամ լրջորեն վնասվել:
Փորձագետները հայտարարել են, որ շատ ավերված շենքեր կառուցվել են վատորակ նյութերի եւ մեթոդների օգտագործմամբ, եւ հաճախ չեն համապատասխանել պետական չափանիշներին: Ընդդիմադիր կուսակցությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգին մեղադրում են շինարարական նորմերը չպահպանելու մեջ:
Երկրաշարժի էպիկենտրոնի մոտակայքում գտնվող քաղաքի ղեկավարը ձերբակալվել է փլուզված շենքերի հետաքննության շրջանակներում, շաբաթ օրը հայտնել է Cumhuriyet-ը եւ այլ թերթեր:
Օկես Քավակը, ով գլխավորում է Նուրդաղիի շրջանը Գազիանթեփ նահանգում եւ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ է, ինչպես ենթադրվում է, չի ապահովել շինարարական ստուգումների անցկացումը:
Թուրքիայի բնական աղետների դեմ պայքարի AFAD գործակալությունը հաղորդել է, որ երկրաշարժից տուժած տարածաշրջանում տեղի է ունեցել 9470 հետցնցում:
«Դա կտեւի երկար ժամանակ... Մենք սպասում ենք, որ այս հետցնցումները կշարունակվեն առնվազն երկու տարի»,- Անկարայում լրատվամիջոցների համար ճեպազրույցի ժամանակ ասել է AFAD-ի գլխավոր տնօրեն Օրհան Թատարը: Նա ասել է, որ 5,3 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Էպիկենտրոնից մոտ 245 կմ արեւմուտք գտնվող Բոր քաղաքում, նախորդ ցնցումներից «անկախ» է համարվում: