Այսօր՝ փետրվարի 23-ին, Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում տեղի է ունեցել Արցախում շրջափակման ընթացքում ծնված փոքրիկներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ օրհնված խաչերի հանձնման արարողություն: Մարտունի քաղաքի և շրջանի թվով 22 երեխա ստացել է իր խորհրդանշական խաչը:
Արարողությանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը, Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը:
Շնորհակալական և օրհնանքի իր խոսքում Տեր Հովհան քահանա Հովհաննիսյանը նշել է . «Սիրելի մայրեր, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այս ծանր ու դժվարին պայմաններում շարունակում եք նոր կյանքեր պարգևել Արցախ աշխարհին: Շնորհակալություն եմ հայտնում նաև Ծառուկյան ընտանիքին՝ ազգանվեր նախաձեռնության համար, ցանկանում, որ այն շարունակական բնույթ կրի: Կխնդրեմ ձեզ, հայ մայրեր, որ այս փոքր թվաքանակով չսահմանափակվեք, հնարավորինս շատ երեխաներ պարգևեք մեր լեռնաշխարհին: Օրհնված տերունական խաչերն այսօր հանձնում ենք փոքրիկներին: Նրանք կունենան խաչեր, բայց պետք է կրեն մկրտվելուց հետո: Պետք է խնդրեմ, որ երեխաներին շուտափույթ մկրտեք, որովհետև մկրտությամբ ենք դառնում քրիստոնյա»:
Փոքրիկ Գաբրիելան ծնողների առաջնեկն է, ծնվել է 2022թ.-ի դեկտեմբերի 19-ին: Մոր՝ Էլինա Նասիբյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի կողմից մեկնարկած նախաձեռնությունն այս բարդ իրավիճակում նոր հույս ու լույս է հաղորդում արցախցի մայրիկներին. «Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բարերարի ընտանիքին՝ Արցախի համար ծանրագույն ժամանակաշրջանում մեր կողքին լինելու և այսպիսի նվեր պարգևելու համար: Թող Արցախ աշխարհում փոքրիկների ծնունդները շարունակական լինեն: Մենք էլ նրանց ժպիտներով ամրանանք ու շարունակենք պայքարել մեր հողում ապրելու, արարելու իրավունքի համար»,- նշել է նորաթուխ մայրիկը:
Ավելի վաղ
ֆեյսբուքյան իր էջում տեղադրված հայտարարության մեջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանը նշել էր. «Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է: Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր: Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը: Աստված պահապան մեր երեխաներին….»: