Երկրում կարևորագույն խնդիրները երկրորդականից չտարբերող կամ որոշ դեպքերում նպատակուղղված կերպով շահարկող որոշ լրատվականների վերջին երկու օրերի թոփ թեմաներից էր Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի ավտոմեքենայի հայտնվելը ՃՈ տուգանային հրապարակում:
Կոնկրետ շրջանակներ առանձնակի խանդավառությամբ էին արձանագրել կատարված փոքրիկ միջադեպը՝ «լուն ուղտ սարքելու ախորժակով»: Իրականում նմանօրինակ թյուրիմացություն կարող է տեղի ունենալ ցանկացածիս հետ: Բնականաբար տեխնիկական խնդիրը վայրկյանների ընթացքում լուծում է գտել:
Այստեղ զավեշտ այն է, որ դա ամեն կերպ շահարկողներն էին հերթ կանգնել, իսկ գիտե՞ք թե ինչու. Որովհետև Կարապետ Գուլոյանը Գագիկ Ծառուկյանի փեսան է և կան լրատվականներ, որոնք «գլուխ են ջարդում», որպեսզի Գագիկ Ծառուկյան անուն ազգանունը հայտնվի իրենց նյութերի վերնագրերում: Լավ, իրոք մեր երկրի խնդիրներն այդքան աննշան են, որ լրատվականները գրելու բան չունե՞ն, թե՞ ոմանք Ծառուկյան ազգանունը իրենց լուրերի վերնագրերում շահարկելը «փեշակ» են դարձրել:
Երկրի համար գոնե առաջին 1000 կարևոր թեմաների մեջ չտեղավորվող այս լուրը մի քանի օր շարադրելն ու տարածելը խայտառակ էժան քայլ է, որից հեղինակները իհարկե ոչ մի դիվիդենտ չշահեցին:
Փաստ է, նման փոքրիկ թյուրիմացություններից ուրախացողները քաղաքական աղբանոցում հայտնվածներն են, և այս տեմպերով շարունակելու դեպքում դեռ երկար կմնան այնտեղ։