Չորեքշաբթի հրապարակված տվյալների համաձայն՝ 2022 թվականին Եվրամիությունում միջազգային պաշտպանության համար դիմել է գրեթե 1 միլիոն մարդ։ Այսպիսով, ապաստանի հայցերի թիվը գերազանցել է 2015-2016 թվականների փախստականների ճգնաժամի ժամանակ գրանցված հայտերին, հայտնում է The Associated Press-ը։
ԵՄ ապաստանի հարցերով գործակալությունը հայտնել է, որ անցյալ տարի ԵՄ 27 երկրներում, ինչպես նաեւ Նորվեգիայում եւ Շվեյցարիայում ապաստանի տրամադրման մասին 966,000 դիմում է ներկայացվել, ինչը 50 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ:
Գործակալությունը նշում է, որ այս թվերը չեն ներառում ուկրաինացի փախստականներին, որոնց թիվը, ԵՄ գնահատականներով, ավելի քան 4 միլիոն է։
Եվրոպական գործակալությունը փախստականների թվի աճը պայմանավորում է COVID-19-ի հետ կապված ուղեւորությունների սահմանափակումների մեղմացման, պարենային անվտանգության բացակայության եւ աշխարհի շատ մասերում հակամարտությունների հետ։
Թեեւ ապաստան հայցողների մեծամասնությունը ԵՄ մուտք է գործում օրինական ճանապարհով, ոմանք նաեւ առանց թույլտվության հատում են ԵՄ ցամաքային եւ ծովային սահմանները՝ հիմնականում Արեւմտյան Բալկաններով եւ Միջերկրական ծովով:
Սիրիացիները շարունակում են առաջին տեղը գրավել Եվոպայում ապաստան հայցողների թվում՝ ավելի քան 130,000 դիմումներով: Նրանց հաջորդում են 129,000 հայց ներկայացրած աֆղանները, որոնք փախչում են անվտանգության, հումանիտար եւ ֆինանսական ոլորտներում ավելացող խնդիրներից, որոնք առաջացել են 2021 թվականի օգոստոսին թալիբների՝ իշխանության գրավելուց հետո։
Երրորդ տեղում Թուրքիայից ժամանածներն են, որոնց թիվը կրկնապատկվել է՝ 55000 հայտ։ Գործակալության տվյալներով՝ սա պայմանավորված է ինֆլյացիայի սրընթաց աճով եւ «ժողովրդավարության հետընթացով»։
Անցյալ տարի ռեկորդային թվով ապաստան են խնդրել վենեսուելացիները, կոլումբիացիները, բանգլադեշցիներն ու վրացիները, ինչպես նաեւ մարոկկացիները, թունիսցիներն ու եգիպտացիները։ 2022 թվականին ապաստան հայցողների մոտ 4 տոկոսը նշել է, որ անչափահասներ են՝ առանց մեծահասակների ուղեկցության։
Եվրոպական գործակալությունը չի նշել, թե ԵՄ որ երկրներն են անցյալ տարի ամենաշատ դիմումները ստացել։ Սակայն ԵՄ ներքին միգրացիայի զեկույցում, որը գործակալությունը ուսումնասիրել է, առաջին հնգյակում Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Ավստրիան եւ Իտալիան են: