00:00:00

Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ը 1,4 միլիարդ դոլար կվերադարձնի F-35 կործանիչների համար

16:47, 20 փետրվար 2023 Աշխարհ

Թուրքիան ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնման համար հատկացված 1,4 միլիարդ դոլար գումարի վերադարձ է ակնկալում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ երկրի մայրաքաղաքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է F-35-ին, ապա Թուրքիան դուրս է մնացել ծրագրից։ 1,4 միլիարդ դոլարի թիվ կա, որ մենք վճարել ենք։ Ուստի մեր ամենաբնական իրավունքն է ակնկալել այդ գումարի վերադարձ։ Օգտակար կլիներ սա հնարավորինս շուտ ավարտին հասցնել»,- ընդգծել է նա։

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության նախագծին Թուրքիայի մասնակցության թեման մնում է Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների սուր խնդիրներից մեկը։ 2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի չորս դիվիզիոնների գնման համար, իսկ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտը» հայտարարել է, որ համակարգերի մատակարարման պայմանագիրն ավարտված է։ Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի գնումից հետո ԱՄՆ-ը նրան հանել է F-35 ծրագրից, որի շրջանակներում Անկարան կարող էր ստանալ այդ մեքենաներից մոտ հարյուրը։ Չնայած ծրագրին մասնակցության չեղարկմանը, երկու կողմերն, այնուամենայնիվ, պայմանավորվել են խորհրդակցություններ անցկացնել, որոնք, հնարավոր է, կօգնեն ինչ-որ կերպ լուծել Թուրքիայի դուրս մնալու հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր