Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի օրը Բաքվում հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ, հայտնում է ԱՀ ԱԳՆ-ն։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ Լաչինի ճանապարհին բողոքի ցույցերի տարբեր ասպեկտներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում Բայրամովը հայտարարել է Ադրբեջանի «կառուցողական» մոտեցման մասին՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո խաղաղ գործընթացի վերաբերյալ Բաքվի առաջարկներին, եւ դժգոհել, որ Հայաստանն անընդհատ «դանդաղեցնում է» այդ գործընթացը։
«Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը բոյկոտել է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը, որը նախատեսված էր անցած տարվա դեկտեմբերին։
Բայրամովը նաեւ նշել է, որ Լաչինի ճանապարհը չի օգտագործվում Եռակողմ հռչակագրով նախատեսված նպատակներով։
«Նախարարն ընդգծել է, որ ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել, հայկական կողմն օգտագործում է ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական նպատակների համար եւ խնդիրը սխալ ուղղու վրա է դնում»,- հայտնում է ԱԳՆ-ը։
Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությունը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։