00:00:00

Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը

15:11, 13 փետրվար 2023 Հասարակություն

ՀՀ Կառավարության նիստում հավանության է արժանացել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը:

Նոր կարգավորումները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթի արդյունքում ծագած հարաբերության վրա:

Ներկա իրավիճակը

Գործող կարգով տնօրենների ընտրության համար հիմք է հանդիսանում 2010 թվականին ներդրված հավաստագրման գործընթացը, որը նույնական մոտեցում է բոլորի համար՝ անկախ աշխատանքային փորձից։ Տնօրենի ընտրության և նշանակման գործընթացի մաս է կազմում հաստատության խորհրդի որոշումը, որի արդյունավետության վերաբերյալ ստացված բազմաթիվ դիմում-բողոքները հիմք են հանդիսացել կառավարման համակարգի ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար:

Առաջարկվող լուծումներ

Նոր կարգավորմամբ՝ հաստատության տնօրենն անցնում է նույն ընթացակարգով, ինչ նախորդ կարգով էր պահանջվում, սակայն այլ մեխանիզմ է առաջարկվում զարգացման ծրագրի ուսումնասիրման, այնուհետև մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիմքով նշանակման առումով: Հստակեցվել են մրցույթի մասնակցի ներկայացրած անհրաժեշտ փաստաթղթերը, զարգացման ծրագիրը փորձաքննության ներկայացնելու ընթացակարգը, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության նկարագիրը, մրցույթի արդյունքների ամփոփման, բողոքարկման մեխանիզմները:

Մասնավորապես՝ սահմանվել է թափուր տեղի մրցույթի հայտարարման նոր ժամկետ, և հավակնորդը հաստատված ձևաչափին համապատասխան՝ տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը պետք է ներկայացնի (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով) լիազոր մարմնին՝ պաշտոնական կայքում տեղադրելու համար:

Հաստատության տնօրենը կամ տնօրենի պարտականությունները կատարողը կամ պաշտոնակատար պարտավոր է ապահովել հավակնորդի հանդիպումը տվյալ հաստատության մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ՝ զարգացման ծրագիրը կազմելու համար առաջարկություններ լսելու նպատակով: Սահմանված հանդիպմանը չմասնակցելու դեպքում հավակնորդը չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին: Տնօրենը կամ տնօրենի պարտականությունները կատարողը կամ պաշտոնակատարը պարտավոր է նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել գրավոր անհրաժեշտ տեղեկատվությունը` հաստատության գործունեության վերաբերյալ:

Մրցույթն անցկացնում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված մասնագիտական հանձնաժողովը, որը կազմված է 7 անդամից: Հանձնաժողովում ընդգրկված են նախարարի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը (բացակայության դեպքում՝ նրան փոխարինող նախարարի տեղակալը), որն ի պաշտոնե հանդիսանում է մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև երկու ներկայացուցիչ նախարարության հանրակրթության վարչությունից և մեկական ներկայացուցիչներ՝ անձնակազմի կառավարման և իրավաբանական վարչություններից, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնից և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից:

Մասնագիտական հանձնաժողովը մշակում և նախարարի հաստատմանն է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի գնահատման չափանիշները: Հավակնորդի զարգացման ծրագիրը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովն այն ներկայացնում է փորձաքննության, որն իրականացվում է ուղղակի կամ մրցութային դրամաշնորհի արդյունքում ընտրված կազմակերպության կողմից: Փորձաքննության արդյունքում կազմակերպությունը յուրաքանչյուր զարգացման ծրագրի մասին կազմում է տեղեկանք, որը ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին:

Կազմակերպության ներկայացրած փորձաքննության արդյունքների հիման վրա մասնագիտական հանձնաժողովը քննարկում և 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազոր մարմնին է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Եզրակացությունը ստանալուց հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում է հարցազրույց դրական եզրակացություն ունեցող բոլոր հավակնորդների հետ, որի արդյունքում կարող է հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը:

Հարցազրույցն անցկացնում է լիազոր մարմնի ղեկավարը կամ ղեկավարի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը: Հարցազրույցը տեղի է ունենում հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի, նրա աշխատանքային ստաժի, մասնագիտական գործունեության, կարողունակությունների և անձնային որակների շրջանակում: Հարցազրույցի ողջ ընթացքը ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է:

Հարցազրույցին հավակնորդներից ոչ մեկի չներկայանալու կամ հարցազրույցի արդյունքում հավակնորդներից որևէ մեկի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարում է նոր մրցույթ՝ կարգի պահանջներին համապատասխան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր