00:00:00

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խոսել է ԵՄ նոր առաքելության մասին

22:07, 10 փետրվար 2023 Քաղաքականություն

Մեր կարծիքով, իսկապես, նման ներկայության (խոսքը Հայաստանում ԵՄ նոր առաքելության մասին է – խմբ.) հավելյալ արժեքը մեզ համար տեսանելի չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մյուս կողմից, մենք լավ գիտենք, թե ինչ գիծ են այժմ հետապնդում մեր արեւմտյան գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը, որն, ըստ էության, դառնում է ՆԱՏՕ-ի կցորդը։ Իսկ Ռուսաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքը, նրան ռազմավարական պարտության մատնելու հարցում հայտնի է։ Հասկանալի է, որ համապատասխան գործողություններ են իրականացվում ոչ միայն Ուկրաինայի հետ կապված, այլեւ ավելի լայն համատեքստում։ Հարցազրույցի ընթացքում ես ուշադրություն եմ հրավիրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդի վերջին հայտարարության վրա, որն ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանի եւ Իրանի, այսպես կոչված, ակտիվացմանը տարածաշրջանում, ինչը ենթադրաբար պահանջում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացում։ Դուք տեսնում եք, թե ինչպես է կառուցվում տրամաբանությունը։ Փաստորեն մտահոգիչը ոչ թե հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շահերն են, այլ Ռուսաստանի եւ Իրանի ակտիվացումը տարածաշրջանում», - ասել է դեսպանը։

Այս մոտեցումը, նրա խոսքով, անհանգստացնում է նաեւ Ռուսաստանին։ Մենք կողմ ենք ցանկացած ջանքերի, քայլերի, որոնք օգնում են հասնել իրավիճակի շտկմանը։ Բայց մենք տեսնում ենք, որ այստեղ խառնված են բոլորովին այլ խնդիրներ, նպատակներ, որոնք չեն նպաստում տեւական խաղաղության հաստատմանը։

Կոպիրկինը բացատրել է, որ, չնայած շահարկումներին, չնայած առկա խնդիրներին, Ռուսաստանը մնում է Հայաստանի դաշնակիցը, Հայաստանը ընկալում է որպես իր դաշնակից։

«Եվ դա է որոշում, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի Դաշնությունը՝ ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում։ Ռուսաստանը շատ կարեւոր է Հայաստանի, նրա քաղաքացիների համար, իսկ Հայաստանը շատ կարեւոր է Ռուսաստանի համար, եւ հայերի դերը Ռուսաստանի կյանքում, նրա զարգացման ու հզորացման գործում։ Եվ սա մեր ազգային կյանքի շատ արժեքավոր մասն է։ Մենք իրար պետք ենք։ Եվ այս ճշմարտությունն առավել քան երբեւէ արդիական է ամենադժվար իրավիճակում եւ խառնաշփոթում, որում մենք հայտնվել ենք», - եզրափակել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին ԵՄ-ն հաստատել էր նոր դիտորդական առաքելության մեկնումը, որը Հայաստանում կտեղակայվի այս տարվա փետրվարի 20-ից։ Առաքելությունը բաղկացած կլինի 100 փորձագետներից եւ դիտորդներից։ Սա ԵՄ երկրորդ անընդմեջ առաքելությունն է։ ԵՄ առաջին դիտորդները տարածաշրջան են եկել Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր