Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ:
Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023թ. փետրվար ամիսը ներառյալ:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Փետրվարի 6-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 59 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել էր 2023թ. հունվարի 1-ից:
Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:
Հիմնավորման համաձայն՝ մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Ըստ այդմ՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի մարտի 10-ը:
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում 2022թ. համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու համար: 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողությունների և իրադրության լարվածության ու դրանից ելնելով այլ գործընթացների կապակցությամբ զինծառայողների մեծ մասը չեն կարողացել իրենց ընձեռնած բնակելի անշարժ գույք գնելու իրավունքն իրացնել:
Ըստ այդմ՝ հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ: