00:00:00

Փաստաբաններն ի աջակցություն դատավոր Նախշքարյանի՝ ֆլեշմոբ են կազմակերպել

21:09, 08 փետրվար 2023 Հասարակություն

Դատավոր Զարուհի Նախշքարյանին ի աջակցություն՝ փաստաբանները «Ֆեյսբուքում» ֆլեշմոբ են կազմակերպել:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պաշտպանում եմ դատավորի խոսքի ազատությունը

Ես՝ փաստաբան Երվանդ Վարոսյանս, ուսումնասիրելով դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչների հրապարակած՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը՝ հայտարարում եմ.

1. միջնորդության փաստական հիմքը կազմող դատավորի հրապարակային խոսքն ակնհայտորեն տեղավորվում է արտահայտման ազատության՝ միջազգային չափորոշիչներով դատավորին թույլատրված սահմաններում։

2. այդ պայմաններում արդարադատության նախարարի միջնորդությունը դատավորի նկատմամբ գործադիրի կարգապահական լիազորության չարաշահում է և ինքնին ոտնձգություն է Սահմանադրական հիմնարար արժեքների, հատկապես՝ խոսքի ազատության, դատավորի անկախության, իշխանությունների տարանջատման նկատմամբ։

Փաստաբան գործընկերներիս կոչ եմ անում ծանոթանալ միջնորդությանը և այս գնահատականը կիսելու դեպքում միանալ սույն հայտարարությանը՝ ինձ նշելով առանձին գրառում կատարելու կամ այս գրառման տակ մեկնաբանություն թողնելու ձևով։ Խնդրում եմ նշել արտոնագրի համարը ևս։

Շնորհակալ եմ»:

Ֆլեշմոբին են միացել փաստաբաններ Արամազդ Կիվիրյանը, Գայանե Հովակիմյանը, Կարինե Խաչատրյանը, էդիկ Սերգոյանը, Վարդուհի Էլբակյանը, Դիանա Գրիգորյանը Միքայել Շխիմյանը, Կիմա Սարյանը և այլք:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ 4-րդ կարգապահական վարույթն է հարուցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր