Հումանիտար խնդիրների նկատմամբ ուշադրությունն առաջնային է կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում։ Այս մասին ասել է Իրավունքի և արդարության կենտրոնի տնօրեն Արման Թաթոյանը «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակակիրների հետ հանդիպման ժամանակ:
«44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո մեր աշխատանքներում առաջնային տեղ ունեն խաղաղ բնակչության, զինված հարձակումներից տուժած սահմանային բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, այդ խախտումների փաստերի հավաքագրումն ու իրավունքների պաշտպանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով լրագրողների, երեխաների, կանանց, տարեցների իրավունքներին և այլն։ ՀՀ ադրբեջանական ներխուժումների հետևանքով նրանց ենթակայության ներքո են անցել ջրային ռեսուրսներ, ինչն առաջացրել է ջրի հասանելիության ու ջրից անվտանգ օգտվելու իրավունքի լուրջ խնդիրներ»,- ասել է Արման Թաթոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հումանիտար խնդիրները պետք է բարձրաձայնվեն, լուծումներ առաջարկվեն և ամեն ինչ արվի, որ քաղաքական շահերը չվնասեն իրավունքներն ու անվտանգությունը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Scholae Mundi Armenia» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համատեղ կազմակերպած աշխատաժողովի ժամանակ, որը նվիրված է եղել համալսարանի նախկին ու ներկա այն ուսանողներին, ովքեր տարբեր տարիներին ստացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակ համալսարանում սովորելու համար, հիմնադրամի տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը:
Նա նաև նշել է, որ սովորողները պրակտիկան անցնելու հնարավորություն կունենան իրենց ընտրած կազմակերպություններում, այդ թվում՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ում, այդ թվում՝ ներգրավվելով զեկույցների կազմմանը։
Նշենք, որ մարդասիրական արժեքները խթանելու նպատակով՝ 2017 թվականից Scholae Mundi Armenia-ի հետ համագործակցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հովանավորում է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակը, որը հնարավորություն է տալիս Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Վրաստանի, Արցախի և Իրանի քաղաքացիություն ունեցող ուսանողներին սովորել ՀԱՀ-ում՝ մասնակի կամ ամբողջությամբ ծածկելով ուսման վարձը։
Աշխատաժողովի գլխավոր բանախոսն է եղել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակի դափնեկիր մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։