00:00:00

Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում կիրականացվեն ակնային խորացված հետազոտություններ եւ վիրահատություններ

20:09, 01 փետրվար 2023 Հասարակություն

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում կիրականացվեն ակնային խորացված հետազոտություններ եւ վիրահատություններ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի գլխավոր վիրաբույժ Ասատուր Հովսեփյանի եւ Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Նաիրա Սարդարյանի կողմից:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի ղեկավարությունն այսօր աշխատանքային այցով Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում էր՝ քննարկելու ընթացիկ աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը: Շաքարային դիաբետ ունեցողները կենտրոնում ակնահատակի զննման, ամպային տեխնոլոգիաներով ակնահատակի լուսանկարի դիագնոստիկայի, ինչպես նաեւ լազերային բուժման եւ վիրահատության հնարավորություն են ստանում:

Այցի ընթացքում ՀԱՆ տնօրեն Նունե Եղիազարյանը, փոխտնօրեն Վարվառա Քալաշյանը եւ Սպիտակ բ/կ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը քննարկեցին նաեւ վերջերս Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնին տրամադրված ակնահատակի զննման ժամանակակից խցիկի կիրառման հնարավորությունները եւ այն եզակի առավելությունները, որ տալիս է սարքավորումը: Կենտրոնի ակնաբույժ Նաիրա Սարդարյանը վերջերս է ավարտել վերապատրաստման դասընթացը՝ նվիրված դիաբետիկ ռետինոպաթիայի վերհանմանը եւ բուժման նորություններին:

Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնը Հայկական ակնաբուժության նախագծի հինգ մարզային ակնաբուժական կենտրոններից առաջատարներից է: Այն հագեցած է այն բոլոր անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով՝ բնակչությանը տրամադրելու ակնաբուժական խորացված հետազոտություններ, լազերային բուժում եւ վիրահատություններ:

Այսօրինակ այցելությունները եւ կատարվող աշխատանքների քննարկումները նպաստում են մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը եւ ծավալների ընդլայնմանը: Գործունեության 5 տարվա ընթացքում Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում զննվել է մոտ 8.000 բնակիչ,  իրականացվել է շուրջ 4.000 վիրահատություն՝ աչքի լույս պարգեւելով ազգաբնակչությանը:

Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր