00:00:00

Հայրենիքի ու բանակի նվիրյալ Արմեն Ասլամազյանն այսօր կդառնար 45 տարեկան

00:16, 28 հունվար 2023 Հասարակություն

Այսօր նշվում է տարածաշրջանում երբեմնի ամենամարտունակ բանակի՝ հայոց բանակի օրը։ Մեր բանակն այսօր նման չէ այն բանակին, որը տարիներ առաջ սարսափ էր հարուցում թշնամու մեջ, ամուր էր պահում հայրենի սահմանները, իսկ հայոց բանակում ծառայողները դաստիարակվում էին որպես հաղթանակած, փառապանծ բանակի զինվորներ։   2018-ից հետո աստիճանաբար, հետո կտրուկ  «իրավիճակ է փոխվել», ինչպես հաճախ ասում էր ինքը՝ իրավիճակ փոխողը։ Չնայած՝ այս իրավիճակը «կերտել է» նախկիններին քննադատող, ներկաներից գոհ մեծամասնությունը։ Դժվար է պատմության մեջ գտնել այնպիսի էջեր, երբ որևէ երկրի ղեկավարություն երկիրը հասնցում է այս վիճակին, բայց, այնուամենայնիվ, մեծամասնությունը գոհ է այդ իշխանության գործելաոճից։ Ինչևէ․․․ այսօր արդեն ոչ մի տոն՝ այդ թվում Բանակի օրը տոնելու սիրտ չկա․․ էլ ի՞նչ տոն, էլ ի՞նչ զորահանդես․․․   Բանակի ստեղծման օրն է ծնվել բանակի ու հայրենիքի նվիրյալ Արմեն Ասլամազյանը, որին մարտական ընկերներն Ումուդ էին կոչում։ Այսօր նա կդառնար 45 տարեկան։  

Արմեն Ասլամազյանը 17 տարի պատվով ծառայել է հայրենիքին՝ 2005 թվականից պայմանագրային զինծառայության անցելով Քարվաճառում: Նա մասնակցել է Ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին։ Երբ նրան հարցնում էին իր անցած մարտական ուղու մասին կամ նրան հերոս անվանում, մի տեսակ կաշկանդվում էր՝ ասելով՝ «Ես իմ պարտականությունն եմ անում, ես հերոս չեմ՝ հերոսներն անմահացան»։   Երբ Քարվաճառը հանձնեցին, Արմեն Ասլամազյանը  տեղափոխվեց Ջերմուկ՝ ծառայության:

Սեպտեմբերի 13-ի գիշերը, երբ թշնամին հարձակվեց  Ջերմուկի վրա, Ումուդն ու իր մարտական ընկերները դիմակայեցին թշնամու մոտ 400 հոգանոց հատուկ նշանակության գնդին: Մեր քաջերը թվով անհամեմատ ավելի քիչ էին, բացի այդ՝ թշնամու զինատեսակներն էին ավելի հզոր, բայց մեր տղաները կարողացան գիշերը պահել մեր դիրքը։  Լուսադեմին թշնամին հերթական ուժեղ հարձակման փորձն արեց, տղաները կրկին կարողացան պահել մեր դիրքը․․․կյանքի գնով։ 16 հոգուց բաղկացած Վանաձորի ջոկատի տղաները, ընկնելով թշնամու շրջափակման մեջ եւ հասկանալով, որ անհնար է ճեղքել թշնամու օղակն ու դուրս գալ,  նռնակով պայթեցրին իրենց՝ սպանելով թշնամու 400 հոգանոց ջոկատի մեծ մասին։

Արմեն Ասլամազյանը ճիշտ իր պես է դաստիարակել իր զավակներին։ Նրա ավագ որդին 44-օրյայի ժամանակ Մեղրիում էր ծառայում ու մեդալներով հետ եկավ բանակից։Արմեն Ասլամազյանի որդիներն իրենց հոր պես անմնացորդ սիրով են սիրում հայրենիքը։ Հիմա Արմեն Ասլամազյանը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց կան, ապրում են նրա ցանած քաջության ու առաքինության հունդերը, որ արդեն ծլել են և խոր արմատներ գցել հայրենի հողում։ Իր բազմամյա ծառայության ընթացքում նա որպես սպա բազմաթիվ զինվորների է կրթել ու դաստիարակել։  Հիմա Արմեն Ասլամազյանը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց մեզ հետ ապրում են նրա սխրանքները, մեր կողքին են նրա դաստիարակած հազարավոր տղաները, որոնց սիրում էր իր որդիների պես, աղոթում նրանց համար, որպես սպա երբեմն նաև հայրաբար ուսուցանում հզոր բանակի հզոր լինվոր լինելու «բանաձևը»։


Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր