Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Հայաստան իր այցի և իր տպավորությունների մասին և պատասխանել տեսախցիկի վրա գրություն թողնելու մասին հարցին:
«Ինձ արգելելու կամ պատժելու պահանջների մասին ոչինչ չգիտեմ։ Ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա։ Բացմիցս նշել եմ, որ հայկական արմատներ ունեմ և ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին այդ ուղերձներով։
Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, այնտեղ հարազատներ ունեմ։ Ես պարզապես չեմ այցելել Հայաստան կրտսեր տարիքում՝ զբաղված գրաֆիկի պատճառով: Չհաջողվեց գտնել ժամանակ: Բայց 2021 թվականին մենք որոշեցինք փոխել արձակուրդի մեր ծրագրերը՝ կնոջս և որդուս հետ միասին։
Գնացինք 10 կամ 12 օրով, այցելեցինք ոչ միայն Երևան, այլ ընդհանրապես շրջեցինք ամբողջ երկրով, տեսանք տեսարժան վայրեր, այցելեցինք տարբեր վանքեր։ Ավելի լավ ճանաչեցի երկիրը։
Եվ վերջում մենք նաև վարպետության դաս անցկացրինք։ Ես շատ զարմացա, թե քանի երեխա է եկել, քանի որ ամեն ինչ ինքնաբուխ է եղել։ Դա տեղի ունեցավ այն նույն օրը, ինչ հայտարարվեց, և մարդիկ եկան ամբողջ երկրից։ 300-400 երեխա կար։ Ես զարմացած էի, թե որքան էին ուզում ինձ տեսնել Հայաստանում։ Դա հաճելի էր»,- ասել է Խաչանովը։
Խաչանովը երեկ, երբ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, հանդիպումից հետո կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։
Խաչանովը տեսախցիկի վրա գրել է՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»)։
Հիշեցնենք, որ նա նմանատիպ գրառում էր կատարել նաև նախորդ հանդիպումից հետո։