Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին:
Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է ստորև.
«Սթիվեն Սակուր- Պարոն Վարդանյան, միգուցե մեր HardTalk-ի լսարանը շատ բան չգիտի Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն Դուք պետական նախարար եք մոտ 120 000 բնակչութուն ունեցող մի փոքրիկ տարածքում և հենց հիմա գտնվում եք հրատապ ճգնաժամի մեջ, քանի որ դեպի Հայաստան տանող ձեր ցամաքային ճանապարհը ներկայումս շրջափակված է։ Ինչպիսի՞ն է այսօր ձեր տարածքում ապրող մարդկանց իրավիճակը:
Ռուբեն Վարդանյան - Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հարցազրույցի համար։ Շատ կարևոր է, որ աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում շրջափակված երկրում և այն մասին, որ հազարամյակներ շարունակ իր հայրենիքում ապրող 120 000 մարդ վերջին 35 տարիներին պայքարում է սեփական անկախության համար: Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական «էկոակտիվիստները» փակել են Ճանապարհը և Ադրբեջանի աջակցությամբ հայտարարում են, որ հիմա վերահսկում են ճանապարհը։ Ներկայումս Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների օգնությունից բացի մենք ոչինչ չենք ստանում. այստեղ ունենք 30 000 երեխա, ձմեռ է, էլեկտրաէներգիան սահմանափակ է, հիմնականում գազ չկա։ Առանց Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների օգնության՝ սննդամթերք, դեղորայք և բենզին մուտք չի գործում մեր տարածք։
Սթիվեն Սակուր - Այսպիսով, Կարմիր խաչը հետևում է, որ որոշ դեղամիջոցներ մատակարարվեն, բայց ես նկատեցի, որ ներդրել եք կտրոնային համակարգ, որով տրամադրվում է շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ, ձեթ, բայց տպավորություն է, որ եթե այդպես շարունակվի, ձեր տարածքը երկար ժամանակ չի կարող գոյատևել, այդպես չէ՞: Մարդիկ տառապելու են, և դա չի կարող շարունակվել։
Ռուբեն Վարդանյան - Նախ և առաջ Կարմիր Խաչը միայն մեկ կամ երկու բեռնատար ունի, նրանք և ռուս խաղապահները դեղորայքի կամ սննդի շատ սահմանափակ քանակություն կարող են բերել։ Հետո, դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են։ Մենք հազարավոր տարիներ այստեղ ենք ապրում և շատ վճռական ենք տրամադրված մնալու մեր հայրենիքում։ Ինչպես ասացի, 35 տարի է, ինչ այս կռիվը շարունակվում է, և մենք պաշտպանում ենք մեր տարածքը և հավատում ենք մեր արժեքներին: Չնայած բոլոր դժվարություններին, որոնց մենք բախվում ենք, հավատում եմ, որ ժողովուրդը ամուր կկանգնի և նվիրված կմնա սեփական հայրենիքին։
Սթիվեն Սակուր -Դուք հենց նոր ձեր տարածքն անվանեցիք Արցախ, պետք է պարզաբանեմ, որ մինչ Դուք այն անվանում եք Արցախ, Ադրբեջանի կառավարությունը ինչպես նաև միջազգային հանրությունը այն անվանում են Լեռնային Ղարաբաղ, ուստի պարզապես ուզում եմ հստակեցնել դա: Ինձ ամենաշատը շփոթեցնում է այն, որ Դուք ունեք մոտ 2000 ռուս զինվորականներ՝ խաղաղապահներ ձեր տարածքում։ Հիմա, ինչու՞ նրանք չեն բացում ճանապարհը, որպեսզի մատակարարումները տեղ հասնեն:
Ռուբեն Վարդանյան - Մինչ այս հարցին պատասխանելը, ուզում եմ ասել, որ եթե նայեք 80-ականների Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության պատմության դասագրքերը, ապա նույն Արցախ անունը հիշատակվում է որպես հայկական տարածք։ Ես ոչ մի նոր բան չեմ ասում, սա արդեն կար խորհրդային տարիներին՝ ադրբեջանական դպրոցական պատմության գրքերում։ Իսկ հիմա վերադառնանք Ձեր հարցին:
Առաջին հերթին մարդիկ պետք է հասկանան, որ ընդամենը 2000 խաղաղապահ կա, և նրանք ունեն զենք օգտագործելու շատ սահմանափակ մանդատ, և ճանապարհը փակել են ֆորմալ առումով «էկոակտիվիստները», որոնք քաղաքացիական անձինք են։ Առանց պատրանքների, զինվորների քանակը քիչ է, նրանք միայն թեթև զենք ունեն, և կրակելու իրավունք չունեն։ Ահա ինչու, ցանկացած խաղաղապահի դեպքում միշտ շատ դժվար է միջամտել երկու կողմերի միջև, եթե հակամարտությունը շարունակվում է։
Սթիվեն Սակուր - Բայց ճշմարտությունն այն է, պարոն Վարդանյան, որ Վլադիմիր Պուտինն այս պահին ավելի մեծ խնդիրներ ունի: Ուկրաինա ներխուժումը հանգեցրել է պատերազմի, որը սպառում է Մոսկվայի ռեսուրսները, և վերջին բանը, որ Պուտինը, անկեղծ ասած, ուզում է անել, ներքաշվելն է Լեռնային Ղարաբաղում հակամարտության մեջ: Սա է ճշմարտությունը։ Սա Ձեզ շատ ավելի խոցելի է դարձնում, այդպես չէ՞։ Քանի որ Ռուսաստանի աջակցությունը չի երևում:
Ռուբեն Վարդանյան - Նախ ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Ռուսաստանի որոշումների կայացման դաշտում, բայց մենք սահմանափակում ունենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան ստորագրած փաստաթղթով, որով ադրբեջանական կողմից սահմանափակվել էր զինվորների թվաքանակը, այդ պատճառով ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, ուղարկել են, չեն ուղարկել, բայց մենք հետևում ենք մեր ստորագրած փաստաթղթին, որն այսօր Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է։ Որովհետև նրանք երաշխավորել են բաց ճանապարհ Արցախում ապրող հայերի համար առանց որևէ վերահսկողության, և այժմ դալիովին խախտում են։
Սթիվեն Սակուր -Այո, ես հասկանում եմ, որ թյուրըմբռնում է եղել, որը ներառել է Հայաստանի կառավարությունը, Ադրբեջանի կառավարությունը, բայց ինձ համար հետաքրքիրն այն է, որ Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հիմա խիստ քննադատում է Մոսկվային՝ ասելով, որ ռուս խաղաղապահները ձախողում են իրանց պարտականությունները: Բայց հետաքրքիր է, որ Դուք շատ ավելի քիչ եք քննադատում Մոսկվային, ինչո՞ւ:
Ռուբեն Վարդանյան -Գիտեք, ես Ձեզ խորհուրդ եմ տալիս գալ այստեղ և կհասկանաք, թե որքան կարևոր է, երբ շրջապատված եք 10 միլիոնանոց պետությունով, որն ունի մեծ փողեր, շատ զենք, և մենք ունենք ընդամենը 120 000 մարդ՝ 30000 երեխաներով, որոնց պետք է պաշտպանել, և մենք ունենք 2000 ռուս զինվոր: Ես ուզում եմ Ձեզ այս հարցը տալ՝ պատրա՞ստ եք վարկաբեկել այն մարդկանց, ովքեր ձեզ հետ են այս իրավիճակում։
Սթիվեն Սակուր -Այո, ես Լոնդոնում եմ, Դուք Լեռնային Ղարաբաղում եք, սա ձեր իրականությունն է, որին պետք է առնչվեք, և հենց հիմա թվում է, որ ոչ միայն ռուսները ձեզ չեն օգնում, այլև ձեր հարաբերությունները Հայաստանի և, մասնավորապես, վարչապետ Փաշինյանի հետ գնալով ավելի վատ են դառնում։ Թվում է, թե Երևանում կառավարությունն աշխատանքային հարաբերություններ չունի ձեզ հետ:
Ռուբեն Վարդանյան -Ես չգիտեմ այս տեղեկատվության մասին, ի դեպ մեր երկրում թիվ մեկ պաշտոնատար անձը՝ նախագահը, միշտ լավ հարաբերությունների մեջ է վարչապետի հետ, դրա համար էլ չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, և սա մանիպուլացիա է, որին վստահ չեմ, որ իմաստ ունի անդրադառնալ մեր զրույցի ընթացքում: