«Քննչական, վարութային գործողությունները ինտենսիվորեն շարունակվում են, այդ թվում նաև հարցաքննությունները, բազմաթիվ անձինք են հարցաքննվել, այս պահի դրությամբ վարույթի շրջանակում դեռևս քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե հունվարի 19-ին, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով կան արդյո՞ք մեղադրյալներ։
Հիշեցնենք, որ հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։
Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։
Irakanum.am