Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող այրվածքներ ստացած երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, նրանց մոտ դրական դինամիկա կա։
Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը: «Երկու զինծառայողներ, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում կայուն են, բայց ծանր, դրական տեղաշարժ կա, իսկ մյուսը՝ բաժանմունքում է, միջին ծանրության, բայց կայուն է»,- ասաց Կարինե Բաբայանը։ Միաժամանակ նա նշեց, որ վտանգ դեռ կա, ստացած այրվածքները խորն են, դրա համար շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։
Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։
Irakanum.am