Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկակացուցիչների, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանի հետ այսօր ներկա է գտնվել Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, նոր խաչի օծման արարողությանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Խաչն օծվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, որից հետո հայկաձորցիների ջանքերով այն տեղադրվել է վանքի գմբեթին։ Խաչից եկեղեցին զրկվել էր դեռ 2015 թվականին՝ ուժեղ քամու հետևանքով։
Բազմաթիվ փորձություններ տեսած, բայց կանգուն մնացած եկեղեցու գմբեթն ու խաչը վնասվել էին դեռ 1990-ականներին` անկախացման տարիներին, երբ Թուրքիան արդեն հասցրել էր փակել Հայաստանի հետ սահմանը։ Ըստ արձանագրության, եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ։