00:00:00

Այրվածքաբանության ազգային կենտրոնում գտնվող զինվորները գիտակցություն ունեն, սպան ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն է․ փոխտնօրեն

13:56, 19 հունվար 2023 Հասարակություն

Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3  զինվորական, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կետրոնի փոխտնօրեն բուժական գծով, նախարարի խորհրդական այրվածքաբանության գծով Կարինե Բաբայանը:

«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու  զինվորների վիճակը գնահատվում է ծանր,  գրանցված է  շնչուղիների այրվածք, գտվում են հսկողության տակ, կատարվել են վիրակապություններ, ախտորոշումը, ծանրության աստիճանը  կոնկրետացվել, որոշվել է։ Մյուս զինվորը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, նրա վիճակը կայուն է, նրա մոտ ստորին վերջույթների այրվածքներ են՝ բոցով: Բոցն ավելի խորն է այրում, բնականաբար, խորը այրվածքներ կան: Երրորդ կարգի կամ գուցե ավելի խորը: Բոլոր երեքն էլ բոցից են այրվել»,- ասաց նա:

Կարինե Բաբայանը նշեց, որ իրենց մոտ գտնվող բոլոր զինծառայողները գիտակցություն ունեն, նրանք ովքեր վիրակապվել են, խորը ցավազրկման են ենթարկվել, քնած են։

«Այն զինվորները, ում դեմքերն են այրվել, գլուխը այտուցված վիճակում են գտնվում։ Բոլոր տեսակի շնչուղիների այրվածքները կյանքի համար վտանգավոր են: Երբ գտնվում են կլինիկայում, ավելի կառավարելի են այդ հիվանդները: Շնչուղիների այրվածք ունենալու պատճառով է, որ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծայրահեղ ծանր չէ։ Սովորաբար այրվածքային հիվանդությունը ավելի վտանգավոր է լինում 3-4-րդ օրը, երբ զարգանում է ինտոքսիկացիա, երբ արգասիքները ներծծվում են արյան մեջ, այդ ժամանակ բժիշները ավելի ինտենսիվ են պայքարում»,- նշեց փոխտնօրենը՝ միաժամանակ նշելով, որ ներքին օրագնների այրման մասին չի կարող խոսել։

«Վերին և ստորին շնչուղիների այրվածքների մասին ավելի հստակ կարելի կլինի խոսել 3-4-րդ օրը՝ որոշակի հետազոտություններ անելուց և որոշակի պատկեր ունենալուց հետո։ Մենք առավոտյան ենք ընդունել հիվանդներին, առավոտյան 7.30-8.30-ին: Առողջապահության նախարարը չի եկել, բայց իրենք տեղյակ են, անընդհատ զանգում են, հետաքրքրվում են»,-ասաց նա։

Բաբայանը նշեց, որ սպան ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն է։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր