00:00:00

Արցախի ճանապարհը պետք է անպայման բացվի․ Անդրեա Վիկտորին

18:25, 17 հունվար 2023 Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է «Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսություն» թեմայով քննարկում, որին մասնակցել են նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի և Արևելյան գործընկերության հարցերով պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Դեյվիդ Քալենը, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Ստեֆանի Գիհարդ-Բրենդը, նախարարության և Եվրամիության ներկայացուցիչներ:
Ողջունելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրամիության գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ ‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› մշակման, հաստատման, ինչպես նաև հետագա իրականացման փուլերում:

«Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է, որ այս տարին սկսում ենք համատեղ կրթական երկխոսությանը նվիրված այս միջոցառմամբ: Սա նշանավորում է այն ջանքը, որն արդեն իսկ ներդրել ենք նախորդ ժամանակահատվածում Հայաստանի կրթական համակարգում զարգացում ապահովելու համար: Այս առումով հատկապես կարևորում եմ ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը ‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› իրագործման առումով: Համատեղ աշխատանքի արդյունքում ունենք ԱԺ-ի կողմից հաստատված և արդեն որպես օրենք գործող ծրագիրը: Հաջորդաբար կարևոր է նաև գործողությունների պլանը, որը պարունակելու է չափելիություն և ֆինանսական գնահատականը. այն մեզ թույլ է տալու առաջիկա տարիներին հստակ պատկերացնել մեր անելիքների քարտեզը: Անգնահատելի է այն աջակցությունը, որը ստացել ենք Եվրամիության մեր գործընկերներից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի և շարունակական աջակցության համար:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ռազմավարության հաստատումը բացում է անելիքների ամբողջական շղթան, որի շուրջ պետք է աշխատել և կառուցել հետագա համագործակցությունը՝ դրանք իրականություն դարձնելու համար: Նախարարը նաև տեղեկացրել է, որ գործողությունների պլանի հաստատման համար սահմանվել է եռամսյա վերջնաժամկետ:

«Մեր առաջնահերթ խնդիրը ռազմավարությունն իրականություն դարձնելն է. մեկ բան է զարգացման ռազմավարությունը գրել թղթի վրա, մեկ այլ բան՝ այն դարձնել իրականություն: Կրթության զարգացման ռազմավարական ծրագիրը նկարագրում է կրթական որակյալ և հասանելի ծառայություններին ուղղված գործողությունները կյանքի բոլոր փուլերում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ Եվրամիության հետ գործընկերությունը չի սահմանափակվում միայն կրթական համագործակցությամբ, այն ներառում է նաև մշակույթի և գիտության ոլորտները:

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ԵՄ գործընկերների հետ բոլոր ուղղություններով համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկրում կրթության որակի բարելավման:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը կարևորել է Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսության մեկնարկը՝ ընդգծելով, որ ‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› ընդունումը հնարավորություն է տալիս ընդարձակելու համագործակցության հեռանկարները:

ԵՄ գործընկերները հայտարարել են ապագա ծրագրերի մասին, որոնց նպատակն է սատարել դրանց իրականացմանը՝ շեշտելով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին։ Նշվել է, որ ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակում դիտարկվում են Սյունիքում կրթական նոր մոդելի ներդրման և Հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաև ոչ ֆորմալ կրթություն կազմակերպող կառույցների զարգացմանը COAF և ԹՈՒՄՈ կենտրոնների ձևաչափով՝ նշելով, որ դրանք ֆորմալ կրթական համակարգի հետ միասին ամբողջացնում են կրթության կազմակերպման արդյունավետությունը:

Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի և Արևելյան գործընկերության հարցերով պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Դեյվիդ Քալենը, ներկայացնելով ԵՄ առաջիկա բյուջետային աջակցության ծրագիրը, կարևորել է ռեսուրսների առկայությունը, որոնք անհրաժեշտ են բարեփոխումների արդյունավետ իրականացման համար:

«Տպավորված եմ ՀՀ կառավարության ջանքերով՝ կապված ‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› մշակման և հաստատման հետ: Միանում ենք ձեր ջանքերին ու հայտնում մեր լիարժեք աջակցությունը՝ ռազմավարության գործողությունների պլանի իրագործման փուլում: Շատ հավակնոտ ու կարևոր ծրագիր եք կազմել ապագայի համար: Ուրախ կլինենք նպաստել դրա իրագործմանը››,- ասել է Դեյվիդ Քալենը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել են կրթության ռազմավարության հիմնական ուղղությունները:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» մշակվել է հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր ներառականություն, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում: Ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն:

«Ռազմավարության հիմքում մարդն է, մարդկային կապիտալի զարգացումը: Բոլոր մարդիկ ունեն որոշակի հմտություններ, տաղանդ, իսկ կրթության համակարգի առաքելությունն այդ տաղանդների բացահայտումն է՝ հնարավորություն տալով մարդուն իրացվելու՝ հանուն իրեն, պետության և տնտեսության զարգացման››,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ շեշտադրված կարևոր խնդիրներից է նաև կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկայացնելով ռազմավարության՝ նախադպրոցական կրթությանն ու հանրակրթությանը վերաբերող հիմնական դրույթները, նշել է, որ նախադպրոցական կրթության առաջնային խնդիրը 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսի ընդգրկվածության ապահովումն է նախադպրոցական ծրագրերում.

«Փաստաթղթի կարևոր հայեցակարգային դրույթներն առնչվում են հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ապահովմանը, դպրոց ընդունվող բոլոր երեխաների՝ առնվազն մեկ տարի նախադպրոցական ծրագրերում ընդգրկվածությանը, բոլոր խոշորացված համայնքներում մսուրային ծառայությունների գործարկմանը, դպրոցների պատշաճ կահավորմանը և արդիական սարքավորումներով հագեցմանը, շենքային պայմանների ու ենթակառուցվածքների բարելավմանը, թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և այլ լաբորատորիաների, գրադարանների նորարարական ոճով կահավորմանը»:

ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» նախատեսում է նաև էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ:

Այս նպատակադրման համար նախատեսվում է, որ Հայաստանի առնվազն չորս բուհ մինչև 2030 թ. կընդգրկվի միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչև 8 բուհ:

Ժաննա Անդրեասյանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի երեխաների կրթության իրավունքի հարցը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսություն» թեմայով քննարկման ժամանակ բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի երեխաների կրթության և հիմնարար մյուս իրավունքների խախտման հարցը՝ պայմանավորված Լաչինի միջանցքի փակմամբ:

«Լեռնային Ղարաբաղի մի շարք երեխաներ այժմ գտնվում են Հայաստանում և արդեն տևական ժամանակ է՝ զրկված են իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից: Մենք, իհարկե, այստեղ փորձել ենք ապահովել նրանց կրթության իրավունքը. երեխաները Երևանում և Գորիսում հաճախում են դպրոցներ, նաև մանկապարտեզ, ուսումնարաններ: Բայց սա ճիշտ իրավիճակ չէ, ու բոլորս էլ հասկանում ենք, որ երեխաները հնարավորինս շուտ պետք է ընտանիք վերադառնալու հնարավորություն ունենան: Էլ ավելի մտահոգիչ է այն, որ Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված է սննդի մատակարարման անհնարինության պատճառով: Մտահոգիչ է նաև, որ դպրոցներում չեն գործում երկարօրյա խմբերը: Բոլորիս համար օրվա խնդիր է դառնում առաջին հերթին ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծումը: Հուսով եմ՝ համատեղ ջանքերն այս հիմնարար իրավունքների ապահովման առումով ևս կունենան արդյունք, թեև իրավիճակն արդեն շատ երկար է ձգվում: Մենք իսկապես շատ անհանգիստ ենք, որ արդյունքները լինեն բավարար, և օր առաջ կարողանանք վերականգնել մարդկանց տեղաշարժը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ իրենք ուշադրությամբ հետևում են Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:

«Ճանապարհը պետք է անպայման բացվի»,- ընդգծել է Անդրեա Վիկտորինը՝ հույս հայտնելով, որ բանակցությունները կտան դրական արդյունք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր