Այսօր` հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ford Transit-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, ապա բախվել երկաթե ճաղավանդակին՝ կոտրելով այն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։