00:00:00

Մեկ շտապօգնության մեքենա հատկացվեց ՊՊԾ-ին. պետական պաշտոնյաները կսպասարկվեն հատուկ մեքենայով

12:03, 12 հունվար 2023 Հասարակություն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 12-ի նիստում որոշեց ՀՀ պետական պաշտոնյաներին սպասարկելու համար ՊՊԾ-ին հատկացնել առանձին շտապօգնության մեքենա, որը կշահագործվի ոչ թե Շտապօգնության ծառայության, այլ ՊՊԾ–ի կողմից։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին է նվիրել 2022 թվականի արտադրության «Տոյոտա TOYOTA HIACE 2.8 D մակնիշի շտապօգնության 39 ավտոմեքենաներ: Դրանցից 38–ը կառավարությունը որոշել է փոխանցել «Շտապօգնություն» ՓԲԸ–ին, իսկ մեկը՝ ՊՊԾ–ին։

«Պետական պահպանության ծառայության գործառույթների իրականացման նպատակով, այն է`համապատասխան պետական պաշտոնատար անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ապահովման համար,Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրված 2022 թվականի արտադրության «Տոյոտա Հիացե 2.8Դ (TOYOTA HIACE 2.8 D)» մակնիշի թվով 39 շտապ օգնության մեքենաներից 1-ը ամարցվում է Ազգային անվտանգության ծառայությանը` այն Պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով»,– ասված է որոշման նախագծում։

Բացի այդ,նույն որոշման շրջանակներում նախատեսվում է «Շտապօգնություն» ՓԲԸ–ին փոխանցել առողջապահության նախարարությանն ամրացված 2020 թվականի արտադրության «FORD TRANSIT»մակնիշի շտապ օգնության 5 մեքենաներն ու 2019 թվականի արտադրության «Nissan mini bus» մակնիշի 7 մեքենաները։

Դրանց փոխարեն «Շտապօգնություն» ՓԲԸ–ն առողջապահության նախարարությանը կփոխանցի 2018 թվականի արտադրության «Ջինբեյ Բրենդ» մակնիշի 37 մեքենաներն ու 2011 թ արտադրության FORD TRANSIT մակնիշի շտապ օգնության 3 մեքենաները:

Այս փոփոխությունների արդյունքում, կառավարության հաշվարկով, «Շտապօգնություն» ՓԲԸ–ի ավտոպարկը կհամալրվի 2020-22թթ արտադրության 50 շտապօգնության ավտոմեքենաներով: Առողջապահության նախարարությունը կստանա 2011 և 2018թթ–ի արտադրության 40, ԱԱԾ–ն` 2022թ–ի արտադրության 1 շտապօգնության ավտոմեքենա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր