Այսօր՝ հունվարի 11-ի, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Էդվարդ Վ-ն ի վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Մովսես բնակավայրի գյուղամիջյան ճանապարհին մերկասառույցի պատճառով մոտ 10 մետր սահել է և կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ բախվել ճամփեզրի պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդվարդ Վ-ն, նրա ուղևորներ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 6-ամյա Վանեսա Վ-ն, 4-ամյա Ալիսա Վ-ն, 62-ամյա Սվետլանա Վ-ն, 35-ամյա Աննա Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի Բերդի բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական խումբը՝ ավագ քննիչ Մուրադյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։