Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը պարզաբանում է ներկայացրել այն դեպքի հանգամանքների վերաբերյալ, որի շուրջ այսօր երկխոսություն էր ծավալվել Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ իր և քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի միջև:
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան 16/66 հասցեում իրականացված անօրինականության վերաբերյալ իմ խոսքին հարկ է անդրադառնալ առավել մանրամասն. Խնդիրը մեր ամենօրյա հսկողության ներքո է ամիսներ շարունակ: Ղափանցյան փողոցի Հրազդան ձորին հարող մասում քաղաքացու կողմից կառուցված ինքնակամ շինությունն ապամոնտաժվել էր և հողը վերադարձվել Երևան համայնքին դեռևս 3 ամիս առաջ: Օգտվելով տոնական օրերից՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածը, նույն քաղաքացին, ոչ միայն կատարել է անօրինական շինարարական աշխատանքներ, այլ նաև լրացուցիչ հարթակ ստանալու համար հող և շինաղբ է լցրել շինության հարակից տարածքում, ինչի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում և վնասվել է Հրազդան ձորով անցնող Արզնի-Երևան ջրագիծը: Ս.թ. հունվարի 4-ի առավոտյան ստանալով վերոնշյալի վերաբերյալ ահազանգը վարչական շրջանի աշխատակազմը տեղում անհապաղ ապամոնտաժել է ապօրինի շինությունը, սահմանազատել Հրազդան ձորի այն վտանգավոր հատվածը, որտեղից տեղի է ունեցել քարաթափում և ոստիկանության հետ համատեղ իրականացրել բոլոր հնարավոր այն գործողությունները ինչը նախատեսված է գործող օրենսդրությամբ: Ավելին, տեղեկացնեմ, որ իրավախախտում կատարած քաղաքացին տեղափոխվել է Արաբկիրի ոստիկանության բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Տեղեկացնեմ նաև, որ տեղում հայտնաբերվել են նաև 6 բեռնատար մեքենաներ, որոնք արդեն մուտք էին գործել Ղափանցյան փողոց և նպատակ ունեին բարձված շինաղբը դարձյալ դատարկել նշված վայրում, ինչը կանխվել է և վարորդների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Այս խնդիրը շարունակում է մնալ մեր ամենօրյա վերահսկողության ներքո: Բացառելու ենք նմանօրինակ բոլոր դեպքերը: