Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 8-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1967 թ.), «Opel Zаfira» (վարորդ՝ Կ. Բ., ծնված 1980 թ.) և «Mercedes-Benz C180» (վարորդ` Ռ. Բ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց. Ա.-ն (ծնված 1952 թ.) և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Բ.-ն (ծնված 1954 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։