Այսօր`դեկտեմբերի 23-ին, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրի քաղաքի «Մուշ–2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ․, շենք 1 և շենք 1/1) կառուցված երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությունը:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Շիրակի մարզպես Նազելի Բաղդասարյանը և այլ պաշտոնատար անձինք:
Նշենք, որ «Մուշ–2» թաղամասում կառուցված երկու բազմաբնակարան շենքերը նախատեսված են 36 ընտանիքի համար, ևս երկու շենք կառուցման փուլում են, բնակարանային համալիրում կառուցվել է նաև մանկապարտեզ, իսկ շենքերի ձեղնահարկերում կգործեն արհեստանոցներ։
Ընդգծենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերի 36 շահառուներն ընտրվել են ըստ հստակ մշակված չափորոշիչների՝ երկրաշարժից տուժած լինելու հանգամանքը, երբևէ ԲԳՎ կամ տուն ստացած չլինելը, անչափահաս երեխաների առկայությունը, բազմազավակ ընտանիք լինելը:
Շահառուների ընտրությունից հետո ցուցակները նաև քննարկվել ու համաձայնեցվել են Գյումրիի քաղաքապետարանի հետ, որպեսզի շահառուների ընտրությունը կատարվի լիովին անաչառ։
Հատկանշական է, որ «Մեր Գյումրի» ծրագիրը Հիմնադրամը հատուկ մշակել է երկրաշարժից տուժած և 30 տարի տնակավաններում բնակվող գյումրեցիների հոգսը թոթափելու նպատակով: