00:00:00

ՄԻԵԴ որոշումը նշանակում է, որ այո, մենք հիմա կարող ենք վեր կենալ, գնալ ու անցնել Լաչինի միջանցքով. Եղիշե Կիրակոսյան

16:02, 22 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Ադրբեջանի կողմից, բնական է, շատ գերքայլեր չենք էլ ակնկալում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե Ադրբեջանն, ամեն դեպքում, ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոց կիրառելուց հետո շարունակում է փակ պահել ճանապարհը,  ի՞նչ գործիքակազմ կա, ի՞նչ է սպասվում:

«Ցավոք սրտի,  գործիքակազմն ունի սահմանափակումներ, բայց զուտ եթե ֆորմալ առումով խոսենք, Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում հետևյալ քայլերի հնարավորությունը կա. նախ՝ Նախարարների կոմիտեի հարթակը կա, որին ծանուցելու հնարավորություն ունի դատարանը  իր կիրառած միջոցների մասին։

Նախարարների կոմիտեն,  լինելով Եվրոպայի խորհրդի քաղաքական հիմնական մարմինը, հետևում է նաև  դատարանի վճիռների կատարման ընթացքին։ Նախարարների կոմիտեն  պետք է անհրաժեշտության դեպքում քննարկի, միջամտի այս հարցերին, հասկանա, թե քաղաքական առումով ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի  ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը»։

Եղիշե Կիրակոսյանը նկատեց, որ նման որոշումներից հետո Հայաստանը պետք է լուրջ աշխատանք տանի դիվանագիտական ոլորտում. «Այսպիսի որոշումների արդյունավետությունը կախված է նաեւ մեր հետագա ակտիվ քայլերից, դիվանագիտկան ու քաղաքական աշխատանքից»:

Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստան երկու պահանջ էր ներկայացրել՝  ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ ապահովել կարիք ունեցողերի տեղաշարժը,  ըստ էության ստացվում է, որ ՄԻԵԴ-ը միայն երկրորդ պահանջն է բավարարել, կարելի՞ է անել եզրակացություն, որ ՄԻԵԴ-ն իսկապես Ադրբեջանին հստակ ցուցում չի տվել  բացել, ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Ի պատասխան Եղիշե Կիրակոսյանն ասաց. «Եվրոպական դատարանի կողմից նման ձևակերպում տալն ունի պատճառներ։ Մենք, իհարկե, պահանջել էինք ապաշրջափակել ճանապարհը, փորձել էինք  հնարավոր մաքսիմալ պահանջը դնել դատարանի առջև՝ հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, բայց  դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ։ Այսինքն՝ դատարանի՝ միջանկյալ միջոց կիրառելու շրջանակն իր նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի 2-րդ հոդվածով՝ կյանքի իրավունքը պաշտպանող, 3-րդ հոդվածով՝ անմարդկային, դաժան, արժանապատվությունը  նվաստացող վերաբերմունքի արգելք, բացառիկ դեպքերում 8-րդ հոդվածով՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիություն, որոնցով պաշտպանող իրավունքների համար, երբ կա անդառնալի վնասի ռիսկ, այդ պարագայում դատարանում կիրառում է միայն այս միջոցը։ Այսինքն՝ դատարանից ակնկալել, որ միայն ասելու էր՝ բացել ընդհանրապես, սխալ կլիներ, դատարանը երբեք այդպիս բան չէր ասի, իր ցանկացած գործողություն  պետք է կապեր կոնկրետ իրավունքի հետ։ Նույնիսկ եթե մենք դատարանից ստացել ենք սա, արդեն բավականին մեծ քայլ է»։

Ե. Կիրակոսյանը նաև նշեց, որ եթե հարցը շարունակեն բարձրացնել  Արդարադատության միջազգային դատարանում, մի քիչ ավելի լայն միջոց ստանալու հնարավորություն կա,  հիմա քննարկվում է այդ հարցը։

Նա տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ում իրենք բարձրացրել են նաեւ հարցը, որ ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում կան զինվորականներ, նրանցից մեկը անգամ լուսանկարվել է Ռամիլ Սաֆարովի հետ, ինչն ինքնին վտանգավոր կամ մտահոգիչ է. «Պարենային անվտանգության հատվածը եւս ներկայացրել ենք: Շեշտը դրված է եղել հատկապես դեղորայքային խնդիրների վրա: Մենք երկու ուղղությամբ ենք աշխատում. Մենք ապացույցներ ենք ներկայացնում դատարանին, միաժամանակ փորձում ենք մաքսիմալ նվազեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող մանիպուլյացիաների էֆեկտը դատարանի վրա»:

Հարցին, թե ՄԻԵԴ-ի որոշումը հնարավորություն տալի՞ս է սննդամթերք ու պարեն ուղարկել Արցախ, Կիրակոսյանը պատասխանեց. «ՄԻԵԴ րոշումը հնարավորություն է տալիս մեկնաբանություններ անելու: Այնտեղ լայն է ձեւակերպված եւ պարտադիր չէ, որ մենք միայն սահմանափակենք միայն հիվանդներով եւ ճանապարհին մնացողներով, որովհետեւ այն մարդիկ, որ գնում են, հետո անհրաժեշտ է լինելու նորից գնալ-գալ: Շատ կարեւոր է, որ ՄԻԵդ որոշման մեջ նշված է նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, իսկ այդ հայտարարությունում հստակ նշված է Լաչինի միջանցքով մարդկանց բեռների, մեքենաների ազատ տեղաշարժն ապահովելու մասին: Պատահական չէ, որ դատարանը մեջբերում է այդ հայտարարությունը: Այսինքն սա նշանակում է, որ այո, մենք հիմա կարող ենք վեր կենալ, գնալ ու անցնել Լաչինի միջանցքով»:

Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. «Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցնելով Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր