Դեկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ), իրականացրած հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են դեկտեմբերի 19-ին Գավառ քաղաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության որոշ հանգամանքներ, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 23։50-ի սահմանում, Գավառի ԲԿ-ից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արման Խ.-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով։
Ոստիկանները պարզել են նաև, որ Արման Խ.-ի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում ու ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ՝ պարզել են, որ այդ օրը՝ ժամը 20։00-ի սահմանում, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի և Գանձակ բնակավայրի միջնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Միշա Ջ.-ն, 23-ամյա Գոռ Ջ.-ն (վերջիններս, ըստ աղբյուրի, հարազատ եղբայրներ են), 31-ամյա Արթուր Գ.-ն, 23-ամյա Նորայր Մ.-ն և 30-ամյա Նվեր Ղ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն են ունեցել հիվանդանոց տեղափոխված Արման Խ.-ի հետ, ու մինչ ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հեախուզական միջոցառումներ՝ նշված անձանց գտնվելու վայրն ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 03։30-ի սահմանում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգն է ստացվում հերթական, որ «ձախ ազդրի վերին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնում են, որ նա նույնպես ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։
Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Վահան Ն.-ն է, ով վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գոռ Ջ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է նշված անձանց դանակով հարվածել և ներկայացնում է նաև հանցագործության գործիք դանակը։