00:00:00

ԱԻՆ-ը համալրվել է աճյունների պատշաճ տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկով. ԿԽՄԿ-ի հետ ստորագրվել է հուշագիր

13:12, 20 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվել է սառնարանային փոխադրամիջոցով՝ աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար: Գերատեսչության հաշվեկշռում գրանցված «ԿամԱԶ-4308» մակնիշի բեռնատարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ վերասարքավորվել է աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկի: ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

 

ԱԻՆ-ից հայտնում են, որ արարողությանը մասնակցել են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, դատաբժշկական փորձաքննության համակարգող Անա Մարիա Բոզա Առլոտը և լոգիստիկայի համակարգող Արթուր Ղազարյանը:

 

 

Աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկը կարող է միանգամից տեղավորել 12 մարմին: Այն կարող է օգտագործվել նաև հեռավոր մարզերում, իսկ սառեցման պրոցեսն ապահովվում է ինչպես հոսանքի աղբյուրով, այնպես էլ ինքնաբավ եղանակով:

 

ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, անդրադառնալով ԿԽՄԿ-ի հետ արդյունավետ աշխատանքին, նշել է, որ այս աջակցությունը համագործակցության շատ կարևոր դրսևորում է:

 

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը աճյունների ճիշտ տեղափոխման վերաբերյալ մշտապես համագործակցել է տարբեր կառույցների հետ: Գործընթացի իրականացումը՝ անհրաժեշտ կահավորմամբ սառնարանային բեռնախցիկի առկայության շնորհիվ, ինստիտուցիոնալ և կազմակերպչական առումով հետայսու ավելի բարձր մակարդակի վրա կլինի»,- նշել է Դավիթ Համբարյանը:

 

Իր հերթին, ԲԱՎ պետ Կարեն Աթոյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում փրկարարները մի քանի փուլով վերապատրաստում են անցել:

 

«Սկզբնական շրջանում գործընկերների հետ դիերի որոնման վարքականոնների վերաբերյալ պատրաստել ենք թիմեր: Արդեն ձևավորվել է 4 թիմ, և աշխատանքների հաջորդ փուլը կապված է բեռնախցիկի հետ: Բացի դրանից՝ մեր վարչությունը ԿԽՄԿ-ից առաջարկ է ստացել պատրաստել դատաբժշկական առաջին արձագանքող մասնագետներ: Նրանց համար Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետների կողմից կազմակերպվելու են առցանց դասընթացներ»,- ասել է նա:

 

Հանդիպման վերջում Միրիամ Էլ Խոլին շնորհակալություն է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությանը և նշել, որ երկկողմ համագործակցությունն առաջին իսկ օրվանից գտնվում է շատ բարձր մակարդակի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր