Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ դեկտեմբերի 10-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 13։10-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են 42-ամյա Հուսիկ Ք-ի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Մկրտիչ Հ-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մկրտիչ Հ-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 18-ամյա Էդգար Հ-ն և 30-ամյա Միքայել Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչ Ալեքսանյանը։