«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի տասնվեց մասնակիցները տպավորված են Հայաստանի ջերմ հյուրընկալությամբ, տեսարժան վայրերով ու եվրատեսիլյան շքեղ բեմով: Նրանք նշում են, որ Հայաստանից կտանեն հայկական լավաշ, հայկական հոլ խաղալիքն ու անմոռանալի հիշողություններ:
Դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պատվիրակ 14-ամյա Նարեն նշեց՝ շատ ուրախ է, որ մրցույթն անցկացվում է իր հայրենիքում: «Մալենայի շնորհիվ մենք հյուրընկալում ենք «Մանկական Եվրատեսիլ»-ը, և ես շատ ուրախ եմ այդ առթիվ: Բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել»,-ասաց երգչուհին:
Մրցույթում Ալբանիան ներկայացնում է 11-ամյա Քեյթլին Ջաթան, որը մեծ բավականություն է ստանում եվրատեսիլյան անցուդարձից: Ասում է, որ շատ է սիրում իր լեզուն, սակայն նախընտրում է անգլերեն երգել, որպեսզի բոլորին հասանելի լինի իր երգի ուղերձը: Նրա երգը խաղաղության մասին է: Քեյթլինը ցանկություն ունի ապագայում որևէ մյուզիքլում երգել:
Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն էլ կարծում է՝ արտիստի հաջողության գաղտնիքը սեփական «ես»-ին հավատարիմ մնալն է: Դրա շնորհիվ հնարավոր կլինի նաև երազանքներն իրականացնել: Լիսանդրոյի եվրատեսիլյան երգն անգլերեն է, սակայն շատ է սիրում երգել ու խոսել իր լեզվով, որովհետև լեզուն երկրի կարևոր մասն է համարում: Թե ի՞նչ կտանի իր հետ Հայաստանից՝ նա շեշտեց. «Ես այստեղից լավաշ եմ տանելու, քանի որ այն անհավանական համեղ է: Կուզեմ նաև հաղթանակ տանել»:
Վրաստանի պատվիրակ Մարիամ Բիգվավան շատ փոքր է եղել, երբ սկսել է դիտել «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը: «Եվրատեսիլ»-ը միշտ իմ սրտում է, ու այս տարի այն լավագույններից է լինելու, և մենք կանենք ամեն բան, որ և՛ մենք վայելենք, և՛ հանդիսատեսին դրական լիցքեր փոխանցենք»,-նշեց Մարիամը:
Մրցույթում Իռլանդիայի ներկայացուցիչը Սոֆի Լենոնն է, որը խոստովանում է՝ սիրով կերգեր հայերեն կամ իտալերեն, քանի որ իր երկրում անգլերեն շատ են խոսում, իսկ հայերենն ու իտալերենը յուրահատուկ են հնչում: Նա կարծում է, որ «Մանկական Երվատեսիլ»-ը կախարդական մրցույթ է, և այն բոլորին հրաշքի շուրջ է համախմբում:
Ըստ Իտալիայի ներկայացուցիչ Շանել Դիլեկտայի՝ լավագույն զգացողությունը բեմ բարձրանալն ու ելույթ ունենալն է լինելու, քանի որ «Մանկական Եվրատեսիլ»-ում ամեն ինչ կախարդական է:
«Ինչպես ասում են՝ պտտի՛ր հրաշքը»,-մրցույթի կարգախոսը մեջբերեց երգչուհին:
Ղազախստանը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում ներկայացնում է Baqytty Bala երաժշտական մրցույթի հաղթող Դեյվիդ Չարլինը, որի մայրը հայուհի է: Նա իր առաջիկա ծրագրերի մասին դեռ չի մտածել, սակայն ուզում է երաժշտությամբ զբաղվել ու «վեր» բարձրանալ: «Հայաստանից լիքը հոլ եմ տանելու, հուշանվերներ ու այլ նվերներ, որոնք ստացել եմ կազմակերպիչներից»,-ասաց Չարլինը:
Մալթայի ներկայացուցիչ 13-ամյա Գայա Գամբուզան վստահեցնում է, որ յուրաքանչյուր մասնակցի համար «Եվրատեսիլ»-ը հրաշալի հարթակ է և բազմաթիվ դռներ կբացի: Նա շարունակելու է երգարվեստով զբաղվել, սակայն հետաքրքրված է լոգոպեդի աշխատանքով: Ուզում է աշխատել երեխաների հետ:
12-ամյա Լունան ներկայացնում է Նիդերլանդները։ «Ես շատ լավ եմ ինձ այստեղ զգում և շատ կցանկանայի ապագայում ևս բեմի հետ կապված որևէ բանով զբաղվել. սիրում եմ երաժշտությունը, երգը, պարը, բայց դժվարանում եմ ընտրություն կատարել: Ինձ հետ գեղեցիկ ապրումներ եմ տանելու և լավ ընկերներ»,-նշեց երգչուհին:
Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնում են Լարան, Ջովան և Իրինան։ Նրանք ուրախ են, որ «Մանկական Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներն իրենց հոլեր են նվիրել, որոնք սիրով են տանելու իրենց երկիր: Նշում են, որ բոլոր լեզուներն են գեղեցիկ ու յուրահատուկ, սակայն, եթե ստիպված լինեին ընդամենը մեկ լեզվով երգել, կընտրեին իսպաներենը կամ իտալերենը, որովհետև այդ լեզուները գեղեցիկ են հնչում: Նրանք «Մանկական Եվրատեսիլ»-ը պայծառ միջոցառում են համարում, որը միավորում է շնորհալի երգիչների՝ ամբողջ Եվրոպայից: Մրցույթի շնորհիվ փորձ են ձեռք բերում և լավ ընկերներ:
Լեհաստանի պատվիրակ Լաուրային մրցույթում ամեն բան դուր է գալիս: Ըստ նրա՝ հաջողության գրավականներից է հաճույքով ելույթ ունենալը: Ասում է, որ Հայաստանից իր հետ դրական լիցքեր է տանելու, ընկերներ ու վառ հիշողություններ:
Պորտուգալիայի ներկայացուցիչ Նիկոլաս Ալվեսը սիրում է իտալերենն ու ֆրանսերենը, որոնք երգեցիկ են:
Նա կարծում է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը բացահայտում է երիտասարդ ու տաղանդավոր արտիստների, որոնք իրենց երգով բարին են փոխանցում հանդիսատեսին:
Կատարինա Սավիչը ներկայացնում է Սերբիան։ Երգչուհին սիրում է այն երգը, որը կատարում է: Ասում է, որ սիրով հայերեն կերգեր, քանի որ սիրել է մեր երկիրը ու լեզուն:
11-ամյա Կառլոսը ներկայացնում է Իսպանիան։ Ասում է՝ մրցույթում հետաքրքիր փորձառություն է ձեռք բերել, որը երբեք չի մոռանա, ու հենց դա է տանելու իր հետ: Նա արդեն հայերեն երգել է մրցույթներից մեկում և շատ կցանկանա կրկին հայերեն երգել, քանի որ սիրում է մեր լեզուն, սիրում է նաև ֆրանսերենը, որը ռոմանտիկ լեզու է համարում:
Ուկրաինան մրցույթում ներկայացնում է 14-ամյա Զլատա Ձյունկան: Նա սիրով է մասնակցում մրցույթին և կարծում է՝ հետաքրքիր է տեսնել տարբեր մարդկանց, տարբեր ազգերի, առնչվել տարբեր մշակույթների հետ ու լավ ընկերներ գտնել: Նա նշեց, որ իր երգն աղոթք է՝ առ Աստված:
«Այն իմ ժողովրդի՝ պատերազմում կրած տառապանքների մասին է ու նվիրվում է բոլոր ուկրաինացիներին, որոնք չեն կոտրվում՝ չնայած դժվարություններին»,-շեշտեց երգչուհին:
Միացյալ Թագավորության պատվիրակ Ֆրեյա Սքայը շատ տպավորված է Հայաստանով, հատկապես՝ Երևանի ամանորյա զարդարանքներով: «Մարդիկ ջերմ են, հյուրընկալ: Ուզում եմ ապագայում անպայման վերադառնալ ձեր երկիր»,- նշեց նա:
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: