Դեկտեմբերի 7-ին Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի, որին ներկա են եղել դեսպան Վլադիմիր Կարապետյանը և դեսպանության անձնակազմը, հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Այդ մասին ասված է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Դեսպան Կարապետյանն ու դեսպան Բոժկոն հանդես եկան հիշատակման խոսքով: Վ․ Կարապետյանը, մասնավորապես կարևորեց ՀԱԵ Ուկրաինայի թեմի կողմից յուրաքանչյուր տարի հոգեհանգստյան կարգ կատարելու և դեկտեմբերի 7-ին հայ համայնքին համախմբելու ձևավորված ավանդույթը։ Նա հատուկ ընդգծեց բարեկամ Ուկրաինայի ժողովրդի հոգատար մասնակցությունը երկրաշարժի հետևանքների վերացման, տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հարցերում։
Աղոթքից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին»,- նշված է գրառման մեջ։