SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 4-ին Արմավիրի մարզում բռնություն է կիրառվել իր մասնագիտական գործունեությունը կատարող բժշկի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23։25-ի սահմաններում «Վաղարշապատ» ԲԿ-ում մի քաղաքացի վիճաբանել է վիրաբույժ՝ 52-ամյա Արմեն Վարդանյանի հետ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ այդ քաղաքացին գլխով հարվածել է վիրաբույժի ձախ քունքին, ինչի հետևանքով պատճառվել է վնասվածք։ Ահազանգով հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ պարզել են ենթադրալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և Վաղարշապատի քննչական բաժին ներկայացնելու համար։