Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմինի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանի դուռը փակվել է, 2 տարեկան երեխան մնացել է տանը մենակ, և հարազատները չեն կարողանում դուռը բացել, քանի որ բանալիները մնացել են տանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Մարինե Հովակիմյանն ու կրտսեր պարեկ Գոռ Գաբոյանը։
Արդեն տեղում փրկարարները, որոնց աշխատանքը ղեկավարել է ջոկատի հրամանատար Արսեն Աղաջանյանը, անցել են գործի։ Եվ ավագ հրշեջ-փրկարար Ժիրայր Գալստյանը հատուկ ճոպանով 9-րդ հարկից իջել է դեպի 8-րդ հարկ, խոհանոցի դժվարանցանելի պատուհանից մտել ներս, որից հետո կարողացել է բացել տան դուռը։ Բարեբախտաբար՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։